Միգրացիայի թեման կվերադառնա ԵՄ օրակարգ Գերմանիայում ահաբեկչությունից հետո, որը կատարել է փախստականը Սիրիայից։ Այսպիսի կարծիք է հայտնել եվրոպական Politico պարբերականին դիվանագիտական աղբյուրը։

«Գերմանիայում պատահածը հանգստյան օրերին նոր ազդակ կհաղորդի միգրացիայի թեմայի քննարկմանը»,- ասել է զրուցակիցը։ «Նման միջադեպերը հետագայում եւս տեղի կունենան Եվրոպայում, ուստի խնդիրը կքննարկեն Եվրոպայի երկրների ղեկավարները եւ խորհրդակցությունների մասնակիցները ԵՄ մշտական ներկայացուցիչների մակարդակով։

Աղբյուրը հիշեցրել է, որ ԵՄ որոշ երկրներ պահանջում են ավելի վճռական միջոցներ անլեգալ միգրացիայի դեմ պայքարի համար։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կողմնակից է այս տեսակետին։ «Նույնն է անում Նիդեռլանդները, որտեղ միգրացիան գլխավոր հարցերից մեկն է»,- նշել է դիվանագետը։ Թերթի կարծիքով՝ ձեռնարկվող միջոցներն անբավարար են, իսկ միգրացիայի մասին ստորագրված պակտը ուժի մեջ կմտնի միայն երկու տարի հետո։

Զոլինգենի 650-ամյակին նվիրված փառատոնի մասնակիցների վրա հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան։ Զոհվել է երեք մարդ, վիրավորվել ութ հոգի։ Կասածյալը հարձակումից 26 ժամ հետո հանձնվել է ոստիկանությանը։ 26-ամյա սիրիացին եկել է Գերմանիա 2022թ. վերջին որպես փախստական։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է խստացնել զենքի ձեռքբերման, պահման եւ կրելու պայմանները։

Օգոստոսին քրեական գործերի դաշնային վարչությունը տեղեկացրել է, որ Գերմանիայում անլեգալ միգրանտների թիվը 2023թ. ավելացել է մեկ երրորդով։ 2023թ. ոստիկանությունը գրանցել է երկիր անօրինական մուտքի 266 224 դեպք։ Դա 33,4 տոկոսով ավելին է, քան 2022թ. (199 501)։ Կասկածվողների մեջ ամենից շատը սիրիացիներն են, թուրքերը  եւ աֆղանստանցիները՝ համապատասխանաբար 54 207, 35 732 եւ 35 370։