Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիային պատկանող ձախ կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել զանգվածային ցույցեր կազմակերպել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է կառավարություն կազմելու նրանց առաջարկը։

«Ես խրախուսում եմ մարդկանց մոբիլիզացվել՝ յուրաքանչյուրը յուրովի: Ասոցիացիաներում մոբիլիզացիա կա, թիմերում մոբիլիզացիա կա։ Ես ինքս քաղաքացիական հասարակությունից եմ, ուստի սա շատ եմ կարևորում»,- France Inter ռադիոյի եթերում ասել է Լյուսի Կաստեն, ով ձախերի կողմից առաջադրվել է վարչապետի պաշտոնում և ում թեկնածությունը մերժել է Մակրոնը։

Նրա խոսքով, նախագահը հերքում է ժողովրդի կամքի արդյունքները, և նրա օրոք երկրում ժողովրդավարությունը վտանգի տակ է։ «Նա մեկ ամիս սպասեց խորհրդակցությունները սկսելուց, իսկ հիմա ֆրանսիացիներին ասում է՝ այո, եկել եք [ընտրություններին], բայց դա ոչինչ չի նշանակում, վատ եք քվեարկել։ Նախագահն ուզում է լինել և՛ վարչապետ, և՛ կուսակցության ղեկավար, իշխանության ինստիտուտները չեն կարող այդպես աշխատել»,- ասել է նա։

Կաստեն հայտարարել է, որ չի գնալու հուլիսի 27-ին Մակրոնի հայտարարած խորհրդակցությունների նոր փուլին։ Նման դիրքորոշում են որդեգրել ձախերի մյուս առաջնորդները, մասնավորապես՝ Սոցիալիստական ​​կուսակցության ղեկավար Օլիվյե Ֆորը, Ֆրանսիայի կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Ֆաբիեն Ռուսելը և EELV (Եվրոպա - Էկոլոգիա - Կանաչներ) ազգային քարտուղար Մարին Թոնդելիեն։ Նրանք բոլորն էլ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ աջակցելու զանգվածային ցույցերին ընդդեմ Մակրոնի կողմից իրենց ծրագրից և իրենց վարչապետի թեկնածուից հրաժարվելու։