Հնդկաստանի ազգային հերոս Շիվաջիի հուշարձանը, որը հանդիսավորապես բացել էր երկրի վարչապետ Նարենդրա Մոդին արեւմտյան Մահարաշթրա նահանգում 2023թ. դեկտեմբերին, փլուզվել է կառուցման վատորակ աշխատանքների պատճառով։
The Hindu թերթի տեղեկացմամբ՝ հուշարձանը (Շիվաջիի 10 մետրանոց արձանը) քանդվել է երկուշաբթի, բացումից ութ ամիս անց։ Այն կառուցելիս օգտագործվել են վատորակ նյութեր։ Տեղի իշխանություններն անտեսել են մասնագետների կարծիքը, որոնք նախազգուշացնում էին եղանակային պայմանների ազդեցությունից դրա հնարավոր քանդման մասին, նշել է թերթը։ Արձանի փլուզման հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան։
Մահարաշթրայի հանրային աշխատանքների դեպարտամենտի միջնորդությամբ կապալառուի եւ այլ անձանց դեմ հարուցվել է քրեական գործ խարդախության եւ հանրային անվտանգության սպառնալիքի ստեղծման մեղադրանքով։ Շիվաջիի հուշարձանը որոշվել է վերականգնել առաջիկայում։
Շիվաջին Հնդկաստանի ազգային հերոսն է, որը XVII դարի կեսին ապստամբություն է բարձրացրել մուսուլմանական կառավարման դեմ եւ 1674թ. ստեղծել է մարաթհների պետությունը ներկայիս Մահարաշթրայի տարածքում։




























