Գերմանիայի արևելյան երկու դաշնային հողերում՝ Սաքսոնիայում և Թյուրինգիայում, կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, անցկացվում են հողային խորհրդարանների (լանդգատների) պատգամավորների ընտրություններ, հայտնում է Deutsche Welle-ն։
Թյուրինգիայում ընտրելու իրավունք ունի 1,7 միլիոն մարդ, Սաքսոնիայում՝ 3,2 միլիոն։ Ընտրատեղամասերը երկու հաղերում բացվել են տեղական ժամանակով ժամը 8։00-ին և կփակվեն 18։00-ին։
Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների, աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կարող է ստանալ ամենամեծ թվով ձայները և՛ Սաքսոնիայում, և՛ Թյուրինգիայում, որն այդպիսով առաջին անգամ կարող է դառնալ ամենախոշոր քաղաքական ուժը հողային մակարդակով։ Թյուրինգիայում AfD-ն վստահորեն առաջատար էր հարցումներում, իսկ Սաքսոնիայում վերջին շաբաթներին առաջին տեղի համար մրցում էր Գերմանիայի առաջատար ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) հետ:
Նշանակալից արդյունքներ են ակնկալում նաև այս տարվա հունվարին հիմնադրված «Սառա Վագենկնեխտի Միություն - խելամտություն և արդարություն» (SSV) կուսակցության ձախ պոպուլիստները, որը, ինչպես AfD-ն, հանդես է գալիս միգրացիայի կտրուկ սահմանափակման, Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին։
Գերմանիայում ներկայումս իշխող «լուսացույցային» կոալիցիայի կուսակցությունները կորցնում են ընտրողների նախապատվությունները։ Դրանցից երկուսը՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP) և «Միություն - 90»/«Կանաչները»,հնարավոր է ընդհանրապես տեղ չունենան լանդգատներում. երկուսն էլ վերջին հարցումներում հինգ տոկոսից ցածր արդյունքներ են ունեցել: Կենտրոնական ուժերից ավելի լավ է ՔԴՄ-ի վիճակը, սակայն այն կոալիցիոն գործընկերների կարիք կունենա՝ հողային կառավարություններ ձևավորելու համար։
Իր հերթին, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չունի պոտենցիալ կոալիցիոն գործընկերներ ոչ Սաքսոնիայում, ոչ էլ Թյուրինգիայում, քանի որ AfD-ի երկու հողային մասնաճյուղերն էլ Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի կողմից դասակարգվել են որպես աջ ծայրահեղականներ: Երկու հողերում էլ կոալիցիայի ձևավորման բարդ գործընթաց է կանխատեսվում։





























