Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը։ Ընդդիմադիրները նոր խորհրդարանում ներկայացված չեն լինի։
Դատելով ԿԸՀ արդյունքներից՝ տեղամասերի փակման պահին ընտրություններին մասնակցել էր ընտրողների միայն 37 տոկոսը։
Ադրբեջանի ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ Ալիեւի «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը ընտրաթերթիկների 91 տոկոսի հաշվարկով ստանում է Միլի մեջլիսի 125 տեղից 68-ը։
Խորհրդարանի նախորդ կազմում «Նոր Ադրբեջանն» ուներ 68 տեղ։
Մյուս մանդատները բաժին կընկնեն անկախ թեկնածուներին, որոնք իրականում աջակցում են կառավարությանը, ինչպես նաեւ ոչ մեծ կառավարամետ կուսակցություններին։
Խոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», բոյկոտել է քվեարկությունը։
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունն առաջին անգամ 15 տարվա ընթացքում մասնակցել է ընտրություններին, բայց, ըստ նախնական տեղեկությունների, ոչ մի տեղ խորհդարանում չի ստանում։ Նրա առաջնորդ Արիֆ Հաջիլին Reuters-ին հայտնել է, որ կուսակցությունը չի հավատում ընտրությունների ազնվությանը, բայց մասնակցել է դրանց, որպեսզի «ակտիվացնի երկրի քաղաքական մթնոլորտը»։
«Ընտրությունները չեն կայացել դեմոկրատական պայմաններում»,- ասել է նա։
Ինչպես տեղեկացել է Turan լրատվական գործակալությունը, «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, այդ թվում զանգվածաբար օգտագործվել են «կարուսելներ» (ընտրությունների արդյունքները կեղծելու միջոց, որի ժամանակ ընտրողները ստանում են արդեն լրացված ընտրաթերթիկներ)։
Այս տարի խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում առաջին անգամ տեղի են ունեցել առանց Եվրոպայի խպորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մասնակցության։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին ընտրում են երկրում մամուլի եւ իշխանության քննադատողների աննախադեպ հալածանքների ֆոնին։
Նախագահը ցրել է խորհրդարանը հունիսի վերջին պատգամավորների խնդրանքով։ Սա կատարվել է հանուն ՄԱԿ կլիմայի գագաթաժողովի (СОР29), որը տեղի է ունենալու Բաքվում այս տարի նոյեմբերին, որպեսզի նախընտրական շրջանը չխանգարի մայրաքաղաքի հյուրերին։
Միջոցառումը համարվում է կարեւոր միջազգային իրադարձություն Ադրբեջանի հեղինակության համար աշխարհում, եւ երկրում շատերը պատրաստ են հարմարվել հանուն գագաթաժողովի։





























