Ճապոնիայի իշխանությունները լիովին ոչնչացրել են մանգուստներին, որոնք լուրջ վնաս են պատճառել Ամամիոսիմա կղզու բնությանը երկրի հարավ-արեւմուտքում, որը մտցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում որպես համակարգ ինքնատիպ կենդանական եւ բուսական աշխարհով։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը փորձագետների հատուկ ստեղծված խմբի հաշվետվության հիման վրա։
Մոտ 30 մանգուստ 1979թ. բերվել է Ամամիոսիմա, որը 712,4 քառակուսի կիոլոմետր տարածք ունի, որպեսզի պայքարեն խիստ վտանգավոր խաբու օձերի դեմ։ Սակայն դա սխալ էր, քանի որ խաբուն գիշերային կյանք է վարում, իսկ մանգուստները որսի են դուրս գալիս ցերեկը։ Արդյունքում՝ այդ կաթնասուններն սկսել են ոչնչացնել մանր կենդանիներին եւ կղզու ինքնատիպ բնության այլ ներկայացուցիչներին, հարձակվել ընտանի թռչունների վրա։ Մասնավորապես, մոտ 80 տոկոսով կրճատվել է սեւ նապաստակների թիվը, որոնք ապրում են միայն Ամամիոսիմայի ջունգլիներում։ Միեւնույն ժամանակ, հարյուրամյակի սկզբին կղզում գրանցվել է մոտ 10 հազար մանգուստ։
Դրանց ոչնչացման գործողությունն սկսվել է 2000թ.՝ հատուկ ընդունված օրենսդրության հիման վրա։ Կղզում, մասնավորապես, դրվել են 30 հազար թակարդներ, սկսել են գործել որսորդների ջոկատներ։ 2018-ից մանգուստները դադարել են բռնվել թակարդներում, իսկ այժմ, ավտոմատ տեսախցիկներով մի քանի տարվա դիտարկումներից հետո, փորձագետները եզրակացրել են, որ այդ կենդանիները լիովին անհետացել են 99,7 տոկոս հավանականությամբ։
Նույնպիսի գործողություն այժմ իրականացվում է ավելի խոշոր հարավային կղզում՝ Օկինավայում, որտեղ մանգուստներ բերել էին խաբու օձերի դեմ պայքարելու համար։





























