Թուրքիան իրավունք ունի ընտրելու, թե որ միջազգային դաշինքներին միանա, սակայն նա դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Անկարան մտադիր է միանալ ԲՐԻԿՍ-ին։
«Թուրքիան, ինչպես ցանկացած այլ պետություն, իրավունք ունի որոշել, թե որն է իր համար լավագույնը։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է, մենք ունենք մաքսային միություն և շատ լավ առևտրային հարաբերություններ»,- ասաց նա։ Ստանոյի խոսքով՝ թեկնածու երկրները պետք է հարգեն ԵՄ արժեքներն ու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։ «Մենք ակնկալում ենք, որ թեկնածու պետությունները կիսեն ԵՄ արժեքները և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնեն մեր քաղաքականությանը։ ԵՄ-ին անդամակցելիս թեկնածու երկրները պետք է իրենց բոլոր քաղաքականությունները լիովին համապատասխանեցնեն մեր քաղաքականությանը, այդ թվում՝ առևտրային համաձայնագրերի շրջանակներում իրականացվողը»,- հավելեց նա։





























