Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը և մեղադրական եզրակացությունը բարդ գործ է, որը մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում, Ըստ Ամերիկայի ձայնի՝ երեքշաբթի հայտարարել են Միավորված ազգերի կազմակերպությունում:

«Սա շատ բարդ դեպք է։ Եվ մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում»,- ճեպազրույցում շեշտել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին:

Նա նշել է, որ գրասենյակը քննարկում է փաստաթուղթ հրապարակելու հարցը, որտեղ ուրվագծվում են «այն պարամետրերը, որոնց շրջանակում պետք է դիտարկել այդ իրավիճակները»:

Դուրովը օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում։ Հաջորդ օրը նրա կալանքը երկարացվել է մինչև 96 ժամ։

Փարիզի դատախազությունը նրան մեղադրում է, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների նկատմամբ հանցագործությունների և խարդախության մեջ մեղսակցության մեջ, այսինքն՝ նա փաստորեն համարվում է Telegram-ի միջոցով այս և այլ իրավախախտումներ կատարողների հանցակից։

Դատարանի որոշմամբ նրան արգելվել լքել Ֆրանսիայի տարածքը։