Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականին

- Ինչպե՞ս կբնութագրեք ռուս-հայկական ընթացիկ հարաբերությունները։ Դրանց վրա ազդող ի՞նչ հիմնական գործոններ եւ հանգամանքներ են այսօր առաջին պլան մղվում։

- Ռուսաստանն աջակցում է ակտիվ երկկողմ փոխգործակցությանն իր գործընկերների հետ միջազգային ասպարեզում, այդ թվում Հայաստանի հետ։ Բոլորովին վերջերս՝ օգոստոսի 23-ին, տեղի ունեցավ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Ն.Վ. Փաշինյանի միջեւ, որի ընթացքում զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել իրենց շփումները։ Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում տեղի էր ունեցել հանգամանալից զրույց մեր երկրների ղեկավարների միջեւ։ Այս տարվա փետրվարին ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստում, Ալմաթիում, Ռուսաստանի վարչապետ Մ.Վ. Միշուստինը նույնպես կարճ զրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Ն.Վ. Փաշինյանի հետ։

Ակտիվորեն զարգանում է փոխգործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում։ Արդյունավետ աշխատում է տնտեսական համագործակցության երկկողմ Միջկառավարական հանձնաժողովը։ Կանոնավորապես, այդ թվում ԵԱՏՄ ձեւաչափով հանդիպումների շրջանակում, շփվում են նրա համանախագահները՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ա.Լ.Օվերչուկը եւ Հայաստանի փոխվարչապետ Մ.Գ. Գրիգորյանը։ Առանձնանում է հաջող կոոպերացիան հայ գործընկերների հետ մշակութային-հումանիտար ոլորտում։

Մեր երկկողմ հարաբերություններում որոշ բարդություններ կան քաղաքական առումով։ Ոչ մեր նախաձեռնությամբ նվազել է միջգերատեսչական շփումների դինամիկան, այդ թվում մեր երկրների ԱԳՆ եւ պաշտպանական գերատեսչությունների գծով։ Նկատում ենք «հավաքական Արեւմուտքի» անթաքույց ճնշումը, որը փորձում է ստիպել Երեւանին նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ, ամեն կերպ սահմանափակել դրանք։

Չնայած դրան՝ մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների պահպանումը եւ խորացումը համապատասխանում է երկու երկրների իրական շահերին։ Նկատում ենք հայկական իշխանությունների հրապարակայնորեն հնչեցրած տրամադրվածությունը՝ աշխատել խնդրահարույց պահերի վերացման ուղղությամբ։ Սպասում ենք, որ դա կմարմնավորվի գործնականում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան։

- Արդյո՞ք Ռուսաստանը շարունակում է միջնորդ մնալ Երեւանի եւ Բաքվի երկխոսությունում։ Եթե այո, ապա ո՞րն է ռուսական միջնորդության առավելությունը։ Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այլ երկրների միջնորդական նախաձեռնություններին։

- Ռուսաստանը երբեք չի հրաժարվել «ազնիվ բրոքերի» իր դերից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում։ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի վերջին շփումները գործընկերների հետ, մասնավորապես՝ նրա պետական այցն Ադրբեջան օգոստոսի 18-19-ին, եւ հեռախոսազրույցները Ն.Վ. Փաշինյանի եւ Ի.Հ. Ալիեւի հետ, որոնց ընթացքում շեշտադրվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի քննարկումը, դրա հաստատումն են։ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին հաջողվել է կանգնեցնել պատերազմը 2020թ., մշակել եւ իրականացնել եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով։

«Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը՝ տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով» հատկապես ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2022թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունում։ Այդ ժամանակ էլ «պայմանավորվեցին շարունակել փոխընդունելի հանգուցալուծումների որոնումը առկա առաջարկների հիման վրա», իսկ Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվեց «այսուհետ եւս ամեն կերպ աջակցել դրան»։ Ռուսական կողմի մոտեցումը պայմանագրի մշակմանը մնում է անփոփոխ, քանի որ այն ամրագրված է փաստաթղթում, որի տակ դրված է մեր նախագահի ստորագրությունը։ Հասկանալի է, որ նման աջակցության ծավալը եւ ձեւերը պետք է ընդունելի լինեն յուրաքանչյուր կողմի համար։

Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով Մոսկվան հաջողությամբ հարթակ է տրամադրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների համար։ Նորից ընդգծեմ, որ պատրաստ ենք անել դա նաեւ ապագայում։ Երաշխավորում ենք առավելագույն հարմար պայմանների ստեղծումը երկու պատվիրակություների աշխատանքի համար՝ նրանց նախընտրած երկկողմ ձեւաչափով։

Չենք կարող չողջունել մեր ղազախ գործընկերների ջանքերը, որոնք կազմակերպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդյունավետ հանդիպումը մայիսի 10-11-ին Ալմաթիում։ Կարեւոր է, որ այդպիսի հանդիպումներն ընթանան 2020-2022թթ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են նաեւ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, համատեղ սահմանի սահմանազատում, շփումների զարգացում քաղաքացիական հասարակությունների գծով։

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, բարեկեցությամբ եւ խաղաղությամբ մեր մերձավոր հարեւանների, գործընկերների եւ դաշնակիցների տարածքում։ Բացի այդ, դրական արդյունքի հասնելու համար Ռուսաստանն անհրաժեշտ փորձ ունի, նյութեր (այդ թվում քարտեզագրական) եւ համապատասխան հեղինակություն տարածաշրջանում։ Ավելին, ի տարբերություն «հավաքական Արեւմուտքի», մենք չենք դիտարկում Հարավային Կովկասը որպես  «դիմակայության գոտի»։ Գլոբալ մեծամասնության երկրների համար արդեն լավ հայտնի է տեղի ունեցող իրադարձությունների իսկական նպատակը՝ տարածաշրջանի վերածումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման հերթական ասպարեզի, մեր երկրների շահերին վնաս պատճառելը ցանկացած մեթոդով եւ գնով, անգամ մարդկային կյանքերի։

Մենք դիտարկում ենք հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը որպես անփոխարինելի նախադրյալ անբաժանելի անվտանգության եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հաստատման համար։ Հուսով ենք, որ շուտով կհաղթահարվեն մնացած տարաձայնությունները եւ հաջողությամբ առաջ կընթանան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ուղղություններով՝ եռակողմ պայմանավորվածությունների հունով։

Պատրաստ ենք այսուհետ եւս ամեն կերպ աջակցել Ռուսաստանի բարեկամ երկու երկրներին, փոխընդունելի եւ հավասարակշռված որոշումների որոնմանը՝ տարածաշրջանի երկրների անվտանգության եւ բարգավաճման նպատակով։

- Հավանաբար, առավել սուր հարցը Երեւանի եւ Բաքվի միջեւ կապված է Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզով տարանցման կազմակերպման սկզբունքների հետ։ Ո՞րն է Ռուսաստանի մոտեցումն այդ որոշմանը։

- Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մի ինչ-որ մեկ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակման համար Հարավային Կովկասում։ Հենց դրանով է զբաղվել Եռակողմ աշխատանքային խումբը (ԵԱԽ), որն ստեղվծել է 2021թ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ, երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։

ԵԱԽ-ը վարել է ռթիմիկ աշխատանք, հաջողվել է հասնել էական արդյունքների։ Խմբի 12-րդ նիստում, 2023թ. հունիսին, համաձայնեցվել է երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման ընդհանուր ըմբռնումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք գործնականում հասել ենք համալիր հավասարակշռված պայմանավորվածության։ Ցավոք, «Հավաքական Արեւմուտքի» ճնշման տակ Երեւանն ընդունել է եռակողմ փոխգործակցությունը սառեցնելու որոշում նաեւ այստեղ։

Անհրաժեշտ ենք համարում առավելագույն կարճ ժամկետում վերսկսել ԵԱԽ լիարժեք աշխատանքը ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային-հաղորդակցային համակարգի ապաշրջափակման, այլեւ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար։

- Մեր աչքերի առջեւ տեղի է ունենում Հարավային Կովկասի լուրջ աշխարհաքաղաքական վերափոխում։ Փոխվում է ուժերի ներքին հավասարակշռությունը, ամրապնդվում են մի շարք արտաքին խաղացողների դիրքերը։ Ի՞նչ պետք է սպասել այդ փոփոխություններից։

- Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում հաստատվի ամուր խաղաղություն։ «Հավաքական Արեւմուտքի» նպատակները, որտեղ այժմ ՀՀ ղեկավարությունը նոր գործընկերների ակտիվ որոնում է իրականացնում անվտանգության ոլորտում, կրում են արմատապես հակադիր բնույթ։ Որպես հիմնական խնդիր  բաց դրվում է ինչպես եվրասիական տարածքում խաղաղ ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ ավելի նեղ, բայց մեզ համար ոչ պակաս կարեւոր նախագծերի՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի խափանումը։ Բարեկեցությունը եւ խաղաղությունը տարածաշրջանում չեն դիտարկվում եւ, հավանաբար, զոհ են մատուցվելու արեւմտյան բաժնետերերի աշխարհաքաղաքական շահերին։

Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները գրեթե չեն թաքցնում, որ պատրաստ են ցանկացած քայլի, ներառյալ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացումը Ռուսաստանի հարեւան պետություններում։ Այդ նպատակներին հասնելու համար շահարկվում են ներքաղական հակասությունները։ Այդ «գործընկերների» ոչ մոտիվները, ոչ «վարկային պատմությունը» չեն կարող եւ չպետք է որեւէ վստահություն առաջացնեն։ Հայկական պետականության ամրապնդման եւ ազգային շահերը «հավաքական Արեւմուտքի» գերակայությունների մեջ չեն մտնում։ Հակառակը, նրա համար շահեկան է պահպանել լարվածության օջախները հետխորհրդային տարածքում Ռուսաստանին թուլացնելու համար, որն, ըստ էության, այստեղ մնում է որպես անվտանգության հիմնական երաշխավոր։

- Գոյություն ունի՞ արդյոք Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու բանաձեւ։

- Ելնում ենք այն բանից, որ Հարավային Կովկասի ճակատագիրը եւ ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները եւ հարեւան գործընկեր պետությունները։ Դրսից ոչ ոք խաղաղություն եւ բարգավաճում մեր ընդհանուր տուն չի բերի։ Եթե խոսենք երկարատեւ տարածաշրջանային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման կայունության ապահովման խնդիրների մասին, ապա դրանց բնավ չեն համապատասխանում «հավաքական Արեւմուտքի» պլանները տարածաշրջանի ռազմականացման եւ այնտեղ ԵՄ եւ ՆԱՏՕ ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման վերաբերյալ։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում, ծագող հարցերի փոխընդունելի պատասխանների որոնումը եւ դիմակայությունը արտատարածաշրջանային ուժերի թելադրանքին։

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում։ Համոզված ենք, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքին համապատասխանում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերին, ծառայում խաղաղության եւ կայունության աջակցմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Անդամակցությունը կազմակերպությանը, ինչպես նաեւ սերտ կապերը մեր երկրի հետ ռազմական ոլորտում, դարձել են անկախ Հայաստանի առաջանցիկ զարգացման կարեւոր գործոն վերջին տասնամյակներին։ Ինչ էլ որ խոստանան արեւմտյան «բարյացակամները», ՀԱՊԿ այլընտրանք՝ որպես Հայաստանի  անվտանգության ապահովման մեխանիզմ, այսօր չկա։

Առանձին ընդգծեմ, որ շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երեւանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ առաջարկը Ադրբեջանի հետ սահմանի իրավիճակի կայունացման վերաբվերյալ։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, ներառյալ ռազմատեխնիկական օգնությունը, մոնիթորինգային առաքելության առաքումը, աջակցությունը սահմանապահ զորքերի ուսուցանմանը։ Ցավոք, ՀՀ ղեկավարություն նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի բանով չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» քողի տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի տեղը հարավկովկասյան տարածաշրջանում այսօր եւ հետագայում։ Ի՞նչ կարող է անել Մոսկվան իր շահերի պաշտպանության համար։

- Ռուսաստանը հանդես է գալիս որպես ազնիվ միջնորդ տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում, բարձր արդյունավետությամբ ջանքեր է գործադրում խաղաղության եւ շահերի հավասարակշռության պահպանման համար։ Մենք չենք հետապնդում կոնյունկտուրային նպատակներ, աշխատում ենք ի շահ համընդհանուր բարօրության, անվերապահորեն հաշվի առնելով մեր բոլոր գործընկերների օրինական շահերը։ Սա է մեր իսկական ավանդը տարածաշրջանի ապագայում՝ փորձել ներդաշնակեցնել հարաբերությունները Հարավային Կովկասում, գտնել ծագող հարցերի ընդհանուր մոտեցումներ եւ լուծել հակասությունները՝ հանուն խաղաղության հաստատման ինչպես առանձին երկրների միջեւ, այնպես էլ ողջ տարածաշրջանում։

Սա է փիլիսոփայական հայեցակարգը, որն իրականություն է դարձել։ Այն ամրագրվել է փաստաթղթերում եւ սկսել է իրականացվել։ Հարավային Կովկասում կայունության, անվտանգության եւ բարեկեցության ապահովումը միշտ եղել եւ մնում է գերակա Ռուսաստանի համար։ Մենք մտադիր ենք այսուհետ եւս փոխշահավետ համագործակցություն զարգացնել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։