Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք ևս պետության համար առաջնային նշանակություն ունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում համապատասխան որոշումը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առաջարկում ենք այս ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները»,- թվարկեց նախարարը և հավելեց՝ նպատակը այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը մեծացնելն է:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ առաջադիմության, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային վերոնշյալ մասնագիտություներով սովորողներին:

«Որոշման կարգավորումները տարածվելու են այս ուսումնական տարվանից՝ 2024-2025 ուսումնական տարվանից, այս ուղղություններով առաջին կուրս ընդունված սովորողների վրա»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ խոսքը մոտ 220 ուսանողների մասին է, որոնք սովորում են ագրարային մասնագիտություններով:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, օրինակ՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչև որոշման ընդունումը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ սա այն որոշումներից է, որը բխում է իրական կյանքից, և այս որոշման անհրաժեշտությունը տեսել է տարբեր մարզերում:

Նաև նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի: Մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին:

«Այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների և փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ, և հիմա սա պահանջված է, և որպեսզի մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան, և այդ աշխատատեղերը թափուր են և գնալով մեծանալու են»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ որոշումը կարևոր է նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից»,- ընդգծեց Փաշինյանը: