Որքանո՞վ է նպատակահարմար տարիքային շեմը 16 կամ 18 դնելը. ԱՄՆ-ում 16 տարեկանից մեքենա են քշում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովում ինքնագլորների գործունեությունը կարգավարող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ինքնգլոր քշելու համար սահմանվող տարիքային շեմին:

«14 տարեկանն ավելի օպտիմալ է, որովհետեւ ինչքան էլ ասենք՝ անհարմար է,  բայց դպրոցական երեխաների համար դա դպրոց գնալու շատ լավ միջոց է, եթե դպրոցի մի փոքր հեռու է»,-ասաց նա:

Ի պատասխան ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանն ասաց. «Եթե 18 տարեկանից բարձր է, կարող է երթեւեկել մայթով, հեծանվուղիով, եթե դ չկա, մայթին հարակից տարածքով կամ կողնակով: Այսինքն երթեւեկության մաս է կազմում, եւ 18 տարեկանից բարձրը այս  տրամաբանությամբ է սահմանված: Բացառություն է կազմում 16 տարեկանը լրացած այն քաղաքացին, որն ունի վարորդական իրավունք AM կարգի: Միջազգային փորձը տարբեր է. օրինակ Փարիզը ընդհանրապես հանել է այս տրանսպորտային միջոցը»:

Հարցին, թե ինչպես են հասկանալու՝ երիտասարդը 18 տարեկանից բարձր է, թե ցածր, նա ասաց. «Օրինակ, ինչպես ենք հասկանում, որ 18-ից ցածր երեխան վերցնում է ծնողի մեքենան եւ վարում է առանց վարորդական իրավունքի: Արդյոք նպատակահարմար են մեխանիզմներ, որ հասկանանք, դա, կարծում եմ՝ պետք չեն, ուղղակի դա նաեւ կանխարգելիչ, դաստիարակչական բնույթ է կրում: Այս վարչարարությունը եւս հնարավորություն է տալու կանխարգելել նման դեպքերը, եթե դրանք կլինեն:

Պարեկային ծառայության խնդիրն է ստուգելու վարող երեխայի համապատասխան փաստաթղթերը»:

Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Արդյոք այդքան խորանալու են, որ ամեն ինքնագլոր քշողին դիտարկեն: Ո՞նց ենք անելու, որ նույնականացումը ճիշտ լինի: Որովհետեւ էդ երեխեքը հաստատ իրենց ծնողների անունով աքաունթներ են բացելու վարձով տվող ընկերություններում ու դրանիով օգտվեն:

Ես առաջարկում եմ, որ 16 տարեկանի քշելու դեպքում գոնե  վարորդական իրավունքի պահանջը հանենք, որովհետեւ անկեղծ եմ ասում, 16-ից հետո ինքնագլոր քշելու համար վարորդական իրավունքը, իմ կարծիքով չափազանց է: Ուրիշ երկրներում էդ տարիքում մեքենա են քշում»: