Դանիական DSV ընկերությունը ՝ Schenker-ը՝ գերմանական Deutsche Bahn պետական երկաթուղու լոգիստիկ ստորաբաժանման ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Գործարքի գումարը կազմում է 14,3 միլիարդ եվրո, գրում է Euronews-ը։ Այն կֆինանսավորվի 4-5 միլիարդ եվրո արժողությամբ նոր բաժնետոմսերի, ինչպես նաև վարկային միջոցների թողարկման հաշվին։
Սա DB-ի պատմության մեջ ամենամեծ վաճառքն է և DSV-ն կդարձնի աշխարհի ամենախոշոր լոգիստիկ ընկերությունը: Ներկա պահին այն զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն գերմանական DHL-ին և շվեյցարական Kuehne + Nagel-ին։ Schenker-ը չորրորդ տեղում է։
DSV-ի գլխավոր ֆինանսական տնօրենը Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է Գերմանիայում Schenker-ի 15 հազար աշխատակիցներից 1600-1900 աշխատատեղ կրճատել:
Սակայն, ըստ նրա՝ միավորված ընկերությունը հինգ տարվա ընթացքում կընդլայնի իր աշխատուժը, այնպես որ իր Գերմանիայում գերազանցի աշխատուժի ներկայիս մակարդակը: Ընկերությունը նախատեսում է զարգացնել բիզնեսը Գերմանիայում և մտադիր է առաջիկա 3-5 տարիների ընթացքում Գերմանիայի գործառնություններում 1 միլիարդ եվրո ներդնել։
Ակնկալվում է, որ գործարքը գլուխ կբերվի 2025 թվականի երկրորդ եռամսյակում, պայմանով, որ Deutsche Bahn-ի վերահսկիչ խորհուրդը, Գերմանիայի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունն ու կարգավորող մարմինները կհաստատեն այն:
Schenker-ը վաճառելու գաղափարն առաջ է քաշել Գերմանիայի կառավարությունը դեռ 2022 թվականին։ Նրանք կարծում էին, որ Deutsche Bahn-ը պետք է կենտրոնանա ուղևորների և բեռնափոխադրումների վրա, չնայած այն հանգամանքին, որ DB-ի եկամուտների ավելի քան մեկ երրորդը բաժին էր ընկնում Schenker-ին:





























