Ամերիկյան ավիաշինական Boeing կորպորացիան չվճարվող հարկադրյալ արձակուրդի կուղարկի տասնյակ հազարավոր աշխատակիցների շարունակվող գործադուլի պատճառով, տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ անցած շաբաթ սկսված գործադուլը դանդաղեցրել է ինքնաթիռների արատդրության տեմպերը։ Ընկերությունը ստիպված է ծախսերի կրճատման միջոցներ ձեռնարկել, որպեսզի ծածկի կորուստները, որոնք կարող են հասնել միլիարդավոր դոլարների։ «Այս առնչությամբ Խաղաղօվկիանոսյան ափի հյուսիս-արեւմուտքում մեր բիզնեսը բախվում է զգալի դժվարությունների, ուստի մենք պետք է բարդ քայլեր ձեռնարկենք դրամական միջոցների պահպանման եւ Boeing-ի հաջող վերականգնման համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Քելի Օրթբերգը աշխատակիցներին դիմելով։

Նրա խոսքով՝ չվճարվող արձակուրդը կընդգրկի մեծ թվով ղեկավարների, մենեջերների եւ աշխատակիցների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում։ Ընկերության որոշ աշխատողներ կբախվեն աշխատավարձի կրճատման խնդրին։ Ընկերության տվյալներով՝ ծախսերի կրճատման միջոցառումների շրջանակում կսառեցվի նաեւ նոր աշխատակիցների վարձելու գործընթացը եւ կկրճատվի ֆինանսավորումը «զգալի թվով ոլորտներում»։

Սեպտեմբերի 13-ին CNN հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Boeing գործարանների 33 հազար աշխատողներ գործադուլ են սկսել չորս տարվա ընթացքում աշխատավարձի 25 տոկոսի բարձրացումը մերժելուց հետո։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա չի համապատասխանել արհմիության նախնական պահանջին երեք տարում աշխատավարձը 40 տոկոսով բարձրացնելու մասին։ Մեքենավարների եւ աերոտիեզերական ճյուղի աշխատողների միջազգային ասոցիացիան հայտարարել է, որ արհմիության ներկայացուցիչների 96 տոկոսը քվեարկել է գործադուլ սկսելու օգտին։