Վենեսուելայի գլխավոր դատախազությունը պահանջել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի ձերբակալության օրդեր ԱՄՆ-ի կողմից Emtrasur վենեսուելական ինքնաթիռի առգրավման պատճառով, որը գտնվում է Բուենոս Այրեսում։ Այս մասին տեղեկացրել է Բոլիվարական Հանրապետության գլխավոր դատախազ Թարեք Վիլյամ Սաաբը։
«Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ երկու հատուկ դատախազներ է նշանակել, որոնք սկսել են համապատասխան ընթացակարգերը եւ զբաղվում են հետեւյալ քաղաքացիների ձերբակալման օրդերների ձեւակերպմամբ՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյ, նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կարինա Միլեյ եւ Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչ»,- ասել է Սաաբը մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Վենեսուելայի գլխավոր դատախազությունը Միլեյին եւ նրա կառավարության անդամներին մեղադրում է «ծանրագույն հանգամանքներով գողության եւ փողերի լվացման մեջ։
Սաաբը նաեւ տեղեկացրել է, որ գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում Միլեյի եւ Բուլրիչի հանդեպ Արգենտինայում մարդու իրավունքների խախտման փաստով ցուցարարների դեմ ոստիկանների կողմից ուժի կիրառման դեպքերի պատճառով։ «Նրանք պետք է պատասխան տան այն գործողությունների համար, որոնք կատարվել են Արգենտինայի ժողովրդի դեմ»,- ավելացրել է նա։ Նրա կարծիքով՝ Արգենտինայի կառավարության գործողությունները կարող են հետաքննվել Վենեսուելայում ունիվերսալ իրավադատության հիման վրա։





























