Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կարծում է, որ Միացյալ Նահանգները մասնակի պատասխանատվություն է կրում Սինալոա նահանգում բռնության ալիքի համար, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում փողոցներում և մայրուղիներում հայտնաբերվել են դիեր, հայտնում է CNN-ը։

Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում Լոպես Օբրադորը ենթադրել է, որ Վաշինգտոնն օգնել է սրել Սինալոա թմրակարտելի խմբակցությունների միջև հակասությունները՝ ԱՄՆ-ում կարտելի երկու առաջնորդների ձերբակալությունից հետո:

Հուլիսի 25-ին Sinaloa Cartel-ի համաառաջնորդ Իսմայել «Էլ Մայո» Զամբադան ձերբակալվել է նարկոբարոն «Էլ Չապո» Գուսմանի որդու՝ Խոակին Գուսման Լոպեսի հետ, այն բանից հետո, երբ նրանք փոքր ինքնաթիռով վայրէջք են կատարել Տեխասի Էլ Պասոյի մոտակայքում: Ավելի ուշ Զամբադան պնդել է, որ Գուզման Լոպեսը «դարանակալել է», «առևանգել» իրեն, նստեցրել ինքնաթիռ և հանձնել ԱՄՆ իշխանություններին։

Մեքսիկայի նախագահն ասել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը «համաձայնությունների» մեջ է մտել կազմակերպված հանցավոր խմբի հետ, որը հանգեցրել է Զամբադային ձերբակալելուն՝ նաև գործողությունն անվանելով առևանգում:

Մեքսիկայում ԱՄՆ դեսպան Քեն Սալազարն ավելի վաղ հերքել էր Վաշինգտոնի մասնակցությունը գործողությանը, որը հանգեցրել է Զամբադայի ձերբակալությանը։ «Դա ամերիկյան ինքնաթիռ չէր, ամերիկացի օդաչու չէր, մեր գործակալները կամ Մեքսիկայում մեր մարդիկ չէին: Դա կարտելների միջև գործողություն էր, որի ժամանակ մեկը մյուսին զենք էր փոխանցում»,- ասել է նա օգոստոսին: