Հույն լոբբիստներն ամերիկացի սենատորներին կոչ են արել կանխել Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին` առանց ԱՄՆ-ի և դաշնակիցների շահերին հավատարիմ լինելու ապացույցների: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle հեռարձակող կորպորացիայի թուրքական ծառայությունը։

Համապատասխան նամակ է ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսին Չիկագոյում գրանցված հունա-ամերիկյան ղեկավարության խորհուրդը, որը DW-ն անվանում է «ԱՄՆ-ում հունական շահերի լոբբինգ իրականացնող կազմակերպություն»։ Ուղերձը փոխանցվել է երկու սենատորներին՝ Բեն Քարդինին և Ջիմ Ռիշին, և երկու կոնգրեսականներին՝ Մայքլ Մաքքոլին և Գրեգորի Միքսին։

Նամակում, որը մեջբերում է DW-ն, ասվում է, որ «Թուրքիան շատ բան ունի ապացուցելու ամերիկացի ժողովրդին՝ նախքան F-35-ի ծրագրին վերաներկայանալու արտոնություն ստանալը»։ «Թուրքիան ցույց է տվել, որ պատրաստ է օգտագործել ԱՄՆ-ի արտադրության զենքեր Ամերիկայի գործընկերների և դաշնակիցների դեմ, ինչը հակասում է ԱՄՆ շահերին»,- ասվում է նամակում։ Տեքստում, ինչպես գրում է DW-ն, Անկարային մեղադրում են նաև «Ռուսաստանի, ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցելու և ՆԱՏՕ-ին շանտաժի ենթարկելու մեջ»։ Այս ամենի կապակցությամբ խորհուրդը համոզված է, որ «Թուրքիային չպետք է շնորհվի F-35 կամ ժամանակակից ռեակտիվ շարժիչներ»։

DW-ն նաև մեջբերում է հունական Kathimerini թերթի հրապարակումից հատված այն մասին, որ ամերիկացի դիվանագետներն, իբր, առաջարկել են Թուրքիային Ռուսաստանից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղադրել Ինջիրլիքի ավիաբազայում, այսինքն՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս տարբերակը դիտարկվում է Թուրքիային F-35 արտադրության ծրագրին վերադարձնելու համար։ Ըստ թերթի, Անկարայի արձագանքն այս առաջարկին բացասական է եղել, սակայն այս թեմայով բանակցությունները շարունակվում են։