Նիդեռլանդների Մաուրիցհյոյս թանգարանը (Հաագա) Neurensics գիտական կազմակերպության հետ համատեղ ուսումնասիրել է մարդկանց ուղեղի ակտիվությունը Յան Վերմեերի (17-րդ դար) «Աղջիկը մարգարտե ականջօղով» կտավը դիտելիս։ Հետազոտությունը հայտնաբերել է հատուկ նեյրոնային պրոցեսներ, որոնք մարդու ուշադրությունը սեւեռում են կտավին, տեղեկացվել է գիտական հաստատության պաշտոնական կայքում։
Neurensics-ի ներկայացուցիչների խոսքով՝ նախագիծը արվեստի ստեղծագործություններին տրվող նյարդաբանական արձագանքն է էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ։
Արդյունքները ցույց են տվել, որ կտավը դիտողների մեջ առաջ է բերում հատուկ նյարդաբանական երեւույթ, որը կոչվում է «ուշադրության կայուն հանգույց»։ Այն ի հայտ է գալիս նկարը դիտելու ցանկության մեջ՝ հայացքը ֆոկուսի մի կետից մյուսը տեղափոխելով։ Վերմեերի ստեղծագործության պարագայում դրանք հերոսուհու աչքերն են, շուրթերը եւ հենց ականջօղը։
Չափելով ուղեղի ալիքները՝ գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ ամենամեծ խթանման ենթարկվում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է գիտակցության եւ անձնական ինքնության համար։
Հետազոտողները համեմատել են ուղեղի արձագանքը բնօրինակին եւ նրա պատճեններին նայելիս։ Պարզվել է, որ բնօրինակի հուզական աղդեցությունը դիտողի վրա 10 անգամ ավելի ուժեղ է պատճենի համեմատ։ Էֆեկտը հաստատվել է 10 կամավորների ստուգման ընթացքում։
Նեյրոկենսաբանները նշել են, որ կցանկանային կրկնել հետազոտությունը համաշխարհային արվեստի այլ գլուխգործոցների համար, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»։





























