Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահը հանդիպման ընթացքում նշել է, որ միջմարզային համագործակցությունը կարեւոր դեր ունի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման գործում: Սերժ Սարգսյանն ու Գեորգի Բոոսը քննարկել են Հայաստանի եւ Կալինինգրադի մարզի միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանին Կալինինգրադում շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արեւմտյան այդ նահանգի բարձրագույն` Պատվո շքանշան: Կալինինգրադում Սերժ Սարգսյանն այցելել է նորակառույց հայկական հոգեւոր- մշակութային կենտրոն, մոմ վառել սուրբ Ստեփանոս եկեղեցում: Նախագահ Սերժ Սարգսյանի եւ նահանգապետ Գեորգի Բոոսի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ համայնքի ջանքերով կառուցված հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել նաեւ նահանգի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մշակութային կենտրոնի բացմանն ունեցած ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Կալինինգրադում նման կենտրոնի հիմնումը Հայաստանի եւ Ռուսաստանի, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարավոր ամուր բարեկամության արտացոլումն է: Կենտրոնի կառուցման, Կալինինգրադի մարզում հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը Կալինինգրադի մարզում Հայաստանի պատվո հյուպատոս Յուրի Քաջոյանին պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Հիշեցնենք, որ նախագահն այցելել է նաեւ Կալինինգրադի նորակառույց «Յանտարնի» մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սփյուռքի եւ գյուղատնտեսության նախարարներ Հրանուշ Հակոբյանն ու Գերասիմ Ալավերդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:




























