Թեման, որին ուզում եմ անդրադառնալ, վերաբերում է մի նոր, հետաքրքիր կոռուպցիայի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա, որովհետև այն հիմնականում իրագործվում է բրոքերական ընկերությունների կողմից: Ասում են՝ մենք ձեր գործը կարող ենք կազմակերպել 90 տոկոս հավանականությամբ, դուք գումարը մուծեք, որ կարողանանք կազմակերպել, բայց կա նաև 10 տոկոս հավանականություն, որ գործը չի ստացվի»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ այն հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին. «Եվ երբ այդ ընկերություններին Երևանի քաղաքապետարանը տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ խնդիրը լուծեցին, եթե չի տալիս, ստացվում է՝ դե չկարողացանք լուծել ու այն 10 տոկոս հավանականությունն աշխատեց:
Սիրելի երևանցիներ, սիրելի կառուցապատողներ, մի՛ եղեք միամիտ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ պրոցեսները բավականին դիվերսիֆիկացված են ու քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս ճարտարապետները ու նրանց կարծիքի հիման վրա է տրվում շինթույլտվությունները:
Հետևաբար այս բրոքերական ընկերություններից ես խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև նրանք փաստացի ապօրինի գործողություններ ծավալող ընկերություններ են, նրանց հույսը ձեր միամտությունն է»,- ասաց Ավինյանը:
Նա նաեւ հավելեց. «Ուզում եմ հատուկ շեշտել, որ բոլոր նմանատիպ դեպքերում, երբ մենք փաստացի կիմանանք, նման դեպքի մասին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ դուք նույնպես խնդիր կունենաք ճարտարապետահատակագծային առաջադրանք, կամ շինթույլտվությհուն ստանալու հարցում, որովհետև, ուզումեմ հիշեցնել, որ կոռուպցիան միայն կաշառք ստանալը չէ, կաշառք տալը նույնպես կոռուպցիա է»:





























