Առայժմ Վրաստանում ամեն ինչ խաղաղ է ընթանում, երեկվա ընդդիմության հավաքը խաղաղ վերջացավ, բայց դա չի նշանակում, որ դա ավարտն է. նրանք կարող են շարունակել իրենց պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանքին» անվանելով չափավոր ռուսամետ ուժ:
«Նրանք կարող են Արեւմուտքից էլի ռեսուրսներ բերել, այն նույն ձեւով, ինչպես այստեղ դա արվեց, ՀԿ-ները զարգացնելով, քարոզչություն տանելով, դրամաշնորհներ ստանալով Արեւմուտքից: Նրանք շարունակելու են տակը փորել: Սա կարող է շարունակվել շատ երկար ժամանակ, եւ ցավոք, ռիսկ կա, որ սա բերելու է ներքին անկայունության, անգամ քաղաքացիական պատերազմի, որն արդեն եղել է Վրաստանում: Սա շուտ չի ավարտվի, իսկ մեզ համար պետք է կայուն Վրաստան»,- ասաց նա:
Խաչիկյանը կարծիք հայտնեց, որ եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Թրամփը, նա միգուցե փորձի կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում, չնայած մեծ հարց է՝ իրեն դա կթողնեն, թե ոչ, միայն ինքը չի որոշում. «Այդ դեպքում միգուցե նա մեսիջ ուղարկի Վրաստանի ընդդիմությանը, որ օգնություն սպասել պետք չէ, եւ նրանք ինչ-որ համաձայնության գնան իշխանությունների հետ»,-ասաց նա:
Հարցին՝ որ թեկնածուի ընտրությունն ավելի ձեռնտու կլինի Հայաստանի համար, Խաչիկյանը պատասխանեց. «Մենք ոչ մեկից, ոչ մյուսից ոչ մի բան չտեսանք: Թրամփն էր նախագահը, որ հարձակվեցին մեզ վրա, նա ասաց՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք: Քամալա Հարիսը ընդհանրապես մեզ չհիշեց: Միայն վերջերս, որ պետք էր իրար վիրավորել, ինչ-որ ձայներ շահել, նոր հայերի մասին հիշեցին: 4 տարի հետո նորից կհիշեն: Ես ոչ մի բան չէի սպասի ոչ մեկից, ոչ մյուսից: Թրամփը շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, իզոլյուցիոնիստ է, նա երեւի ավելի շատ Ադրբեջանի հետ կապեր կունենա: ԱՄՆ-ի շահերը Ադրբեջանում են, դա գազն ու նավթն են: Իսկ եթե հաղթի Քամալա Հարիսը, շարունակվի դեմոկրատիային սատարելը, դեմոկրատիայի փարոս ստեղծելը Կովկասում, գուցե ինչ-որ դրամաշնորհներ ստանան հայտնի կանալները եւ ին-որ գեղեցիկ բառեր ասվեն, բայց ոչ մի կոնկրետ բան չենք տեսնի»:




























