Էտալոնային մակնիշի նավթի գինը չորեքշաբթի բարձրանում է նախօրեի իջեցումից հետո, որը նվազագույնն էր սեպտեմբերի 11-ից ի վեր, տեղեկացրել է MarketWatch-ը։

Շուկային աջակցել են, մասնավորապես, ԱՄՆ-ում անցած շաբաթ պաշարների անսպասելի կրճատման մասին տվյալները։

Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 71,5 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,5 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների տվյալներից։ Երեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,3 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 71,12 դոլար։

WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում առավոտյան բարձրացել են 0,42 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 67,63 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 0,17 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 67,21 դոլար։