«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սկսել է իրականացնել ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քարոզարշավ: Այժմ Երեւանում կարող ենք տեսնել մի շարք ավտոբուսներ /33 եւ 36/, որոնց վրա արտաքին գովազդ է փակցված: Գովազդը պարունակում է թեժ գծերի համարներ ընտանեկան եւ սեռական բռնության զոհերի համար: Բռնության ենթարկված անձիք կարող են անվճար եւ պահապնելով անանունությունը զանգահարել թեժ գծերին` ստանալով համապատասխան աջակցություն:

«Այսօր Հայաստանում բազմաթիվ բռնության դեպքերի մասին ենք լսում, թերեւս բռնության երեւույթը միայն Հայաստանին եւ հայերին չէ, որ բնորոշ է: Այն ճանաչվել է իբրեւ գլոբալ խնդիր, որի դեմ պետությունը եւ հասարակությունը պետք է պայքարեն միասին:

Կոնֆլիկտների լուծումը բռնության կիրառման միջոցով պատժվում է բազմաթիվ երկրներում, եւ Հայաստանը չպետք է բացառություն լինի: 

Ընտանեկան բռնությունը իր բացասական ազդեցությունն ունի նաեւ երեխաների վրա: Նրանք դառնում են հուզական անկայուն եւ ձեռք են բերում հակվածություն հետագայում դառնալու բռնարար, քանի որ ընդօրինակում են բռնարար վարքը եւ չեն տեսնում առողջ ընտանիքի մոդել: Այդ պատճառով կանայք չպետք է լռեն, յուրաքանչյուրս` ընկեր, բարեկամ, հարեւան, չպետք է լռի: Բռնարար վարքը չպետք է տեղի ունենա  քաղաքակիրթ աշխարհում»,-ասված է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ: