Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 8-ին, համաձայնություն տվեց Հայաստանի կառավարության եւ «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ-ի միջեւ դրամաշնորհային համաձայնագրի կնքման առաջարկությանը։ 500.2 հազ. եվրո դրամաշնորհը տրամադրվելու է կարգավորիչ «գիլյոտինի» ծրագրի համար։
Նշենք, որ «կարգավորիչ գիլյոտինի» նպատակն է կարճ ժամանակահատվածում (6 ամսում կամ 1 տարում) մեծ քանակությամբ նորմատիվային ակտերի վերանայումը եւ «ֆիլտրացումը», որոնք խոչընդոտ են ազատ շուկայի սկզբունքներին:
Գիլյոտինի մեթոդը մշակվել է Շվեդիայում` 1980 թ.: Կիրառվել է բազմաթիվ երկրներում` Իտալիա, Մեքսիկա, Հարավային Կորեա, Հունգարիա, Քենիա, Մոլդովա, Տաջիկստան եւ այլն: Օրինակ` Հարավային Կորեան 1 տարում վերանայեց 11 հազ. նորմատիվային փաստաթուղթ, որի կեսը չեղյալ հայտարարվեց: Առավել տարածված է գիլյոտինի մեթոդը կիրառել լիցենզիաների եւ տարաբնույթ թույլտվությունների ոլորտներում:
Գիլյոտինը որպես կանոն իրականացվում է հետեւյալ սխեմայով. Կառավարությունը նախ որոշում է գիլյոտինի նպատակները, այնուհետ գերատեսչություններից պահանջում կարճ ժամանակում ներկայացնել բոլոր այն նորմատիվ փաստաթղթերը, որոնք վերաբերում են գիլյոտինին: Այդ փաստաթղթերը 3 տեսակի փորձաքննություն են անցնում` կառավարության կողմից լիազորված մարմնի, անկախ փորձագետներ եւ գործարարների կողմից; Ցանկացած փաստաթուղթ, որը նման «ֆիլտրի» կողմից հավանության չի արժանանում` կամ չեղյալ է համարվում, կամ պարզեցվում է: Այսինքն` հայտարարվում է մի կոնկրետ օր, որիի ժամանակ այդ փաստաթուղթը «գիլյոտինի է ենթարկվում»` ավտոմատ անվավեր դառնալով:




























