Նույնիսկ այնպիսի հեղինակավոր հրապարակումներ, ինչպիսին Financial Times-ն է, երբեմն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածում: Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թերթի հոդվածը, որտեղ ասվում է, թե Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները կասեցնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում։
«Հիմա շատ բաներ կան, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Նույնիսկ ամենահեղինակավոր հրապարակումները չեն խորշում դրանից, որ այդ սպրդումները կատարվում են և նման հրապարակումներ են թույլ տալիս»,- նշել է Պեսկովը, գրում է Газета.ру-ն։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին նշել է, որ հրապարակման մեջ բերված «անանուն աղբյուրները» տարօրինակ տրամաբանություն ունեն, քանի որ հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս պատերազմը, քիչ հավանական է, որ Ռուսաստանի Դաշնությունը Կատարի հետ բանակցություններից հետո ընդունակ է պարզապես դադարեցնել էներգետիկ օբյեկտների հրթիռակոծումը։
«Շատ տարօրինակ տրամաբանություն է: Ինձ համար միշտ անհասկանալի է՝ ինչու են արևմտյան լրատվամիջոցներն անդրադառնում դրան, ինչ տրամաբանությունից ելնելով: Այսինքն՝ ինչո՞ւ Ռուսաստանը պետք է հրաժարվի իր վարած պատերազմի տեսակից, եթե այլ կերպ պայքարել չգիտի»,-ըստ УНИАН-ի՝ ասել է Պոդոլյակը։





























