Հյուսիսային Կորեան «շատ կարևոր փորձարկում» է իրականացրել՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)՝ նշելով, որ արձակման կարևորությունն այն է, որ այն «թարմացրել է ռազմավարական հրթիռների հզորության ռեկորդը»։

Փորձարկման հրապարակում ելույթ էց ունեցել ժողովրդական հանրապետության ղեկավարը. «Այս արձակումն արդար և լիովին օրինական ռազմական միջոց է, որը ցույց է տալիս մեր վճռականությունը՝ պատասխանելու թշնամիներին, որոնք սպառնում են հանրապետության անվտանգությանը և վերջերս միտումնավոր վատթարացրել են անվտանգության իրավիճակը տարածաշրջանում», - ասել է Կիմ Չեն Ընը։ «Վստահեցնում եմ ձեզ, որ ԿԺԴՀ-ն ոչ մի դեպքում չի փոխի իր ուղին միջուկային զինված ուժերի հզորացման ուղղությամբ»:

Ժողովրդական հանրապետության ղեկավարի խոսքով՝ հրթիռային փորձարկումները տեղի են ունեցել ռազմավարական հարձակողական ուժերի ուժեղացման շրջանակներում։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել «թշնամիների վտանգավոր մեքենայություններին», այդ թվում՝ նրանց միջուկային դաշինքի ամրապնդմանն ուղղված, և ասել, որ այս հանգամանքները վկայում են ԿԺԴՀ միջուկային ուժերի հզորացման կարևորության մասին։

Սեուլում ենթադրվում էր, որ ԿԺԴՀ-ն կարող է նոր պինդ վառելիքի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել։ Սեպտեմբերին KCNA-ն հրապարակեց 12 առանցք ունեցող շարժական ցամաքային կայանի լուսանկարը: Արձակումն արձանագրվել է տեղական ժամանակով ժամը 07:10-ին Փհենյանի տարածքից դեպի Ճապոնական ծով: