ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց, ներառյալ միջուկային զենքը, Հարավային Կորեային պաշտպանելու համար, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր պարտականությունը զսպման ընդլայնման հարցում մնում է անփոփոխ։ Այն ապահովվում է ամերիկյան պաշտպանական միջոցների լայն ընտրությամբ՝ սովորական հրթիռային համակարգերից մինչեւ միջուկային եւ առաջավոր ոչ միջուկային սպառազինություններ»,- նշել է Օսթինը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է լայնածավալ զորավարժությունները Հարավային Կորեայի հետ, ինչը «կամրապնդի երկու պետությունների մարտունակությունը»։

ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ռազմավարական դաշնակիցներ են։ Այս ամռանը Սեուլը եւ Վաշինգտոնը ստեղծել են միջուկային հարցերի խորհրդատվական խումբ, որպեսզի համակարգեն հնարավոր ռազմական գործողություններն ի պատասխան Հյուսիսային Կորեայի սպառնալիքների։ Ապրիլին ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ընդունեցին Վաշինգտոնի հռչակագիրը, որում Սեուլը ստացել է ամերիկյան կողմի խոստումը՝ օպերատիվորեն գործադրելու «Դաշինքի ողջ ուժը», ներառյալ ատոմային զենքը, եթե Հյուսիսային Կորեան դիմի միջուկային հարձակման։