Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) եւ Միջազգային հավատարմագրային հիմնադրամը (ՄՀՀ) նկարահանել են վավերագրական ֆիլմ «Ճանապարհ դեպի վերաինտեգրում» խորագրով: Այն նկարահանվել է «Հարավային Կովկասում ականի զոհերի սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ծրագիր» նախագծի շրջանակներում եւ պատմում է ծրագրի աշխատանքի եւ դրա արդյունքների մասին:

«Հարավային Կովկասում ականի զոհերի սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ծրագիրն» իրականացվում է Հայաստանում 2009 թ. դեկտեմբերի 1-ից եւ ավարտվելու է 2012 թ. մայիսի 31-ին:

 Ծրագրի նպատակն է ապահովել ականի զոհերի եւ նրանց ընտանիքների անդամների` որպես խոցելի եւ մեկուսացված խմբի սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը Հայաստանի հասարակությունում, ասել է թե` ընձեռելով նրանց սեփական ապրուստը վաստակելու, կենսամակարդակը բարելավելու եւ հասարակության մասնակցային անդամներ դառնալու հնարավորություններ:

Ծրագրի մոտեցումները հետեւյալն են.

ա. Ոչ ֆինանսական ծառայությունների (սոցիալական միջնորդություն, բիզնեսի ոլորտում հմտությունների ձեւավորմանն ուղղված դասընթացներ եւ խորհրդատվություն) եւ ֆինանսական ծառայությունների (միկրովարկերի հատկացում, մոնիթորինգ եւ հավաքագրում) մատուցում ականի զոհերին տեղի իրականացնող գործընկերների կողմից:

բ. Ականի զոհերի եւ առհասարակ հաշմանդամների աջակցության ոլորտում ազգային ծառայությունների հզորացում գործընկեր պետությունների հաստատությունների եւ այլ շահառուների ակտիվ մասնակցությունն ապահովելու միջոցով:

գ. Տարածաշրջանային համագործակցության եւ կապերի ստեղծման խթանում ծրագրի շահառուների համար Թբիլիսիում (Վրաստան) փորձի փոխանակման սեմինարի, ինչպես նաեւ ականի զոհերի աջակցության վերաբերյալ իրազեկության բարձրացման տարածաշրջանային արշավի միջոցով:  

Մինչ օրս ՄՄԿ-ն մատուցել է փոքր բիզնեսի ոլորտում հմտությունների զարգացման դասընթացներ ականի զոհ դարձած 45 անձանց եւ նրանցից 17-ին տրամադրել է միկրովարկեր: 

Ավստրիայի զարգացման համագործակցությունն աջակցել է Հայաստանում մեկնարկային ծրագրի իրականացմանը` ֆինանսավորելով այն Ականազերծման եւ ականների զոհերի աջակցության միջազգային հավատարմագրային հիմնադրամի միջոցով:

Հայաստանում «Հարավային Կովկասում ականի զոհերի սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ծրագիրը» իրականացվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: