Թմրամոլներն առանց սահմանափակման կարող են աշխատանքի անցնել ռազմավարական օբյեկտներում: Նման հնարավորություն նրանց կընձեռի ՀՀ կառավարության դեկտեմբերի 8-ին ընդունած որոշումը` հավանություն տալ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծին:
Դրանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որով կառավարությունը պարտավորվում է սահմանել մասնագիտական գործունեության ցանկ` սահմանափակելով թմրամոլների աշխատանքային գործունեությունը որոշ ռազմավարական օբյեկտներում: Խոսք է գնում, մասնավորապես, ատոմակայանի, ջրամատակարարման համակարգերի, բուժհաստատությունների մասին:
Կառավարության այս նախաձեռնության հիմքում հարեւան Վրաստանի փորձն է, որտեղ իրոք նման սահմանափակումներ չկան, սակայն այնտեղ նաեւ ատոմակայան չկա:
Հետաքրքիր է, որ առողջապահության նախարարության փորձագիտական եզրակացությունում առողջապահության նախարարի այս նախաձեռնությանը բացասական կարծիք է տրվել: Նշվել է, որ թմրամոլները, գտնվելով ոչ ադեկվատ վիճակներում, ամբողջովին չվերահսկելով սեփական վարքագիծը եւ չգիտակցելով իրենց արարքների հետեւանքները, կարող են կարեւոր համակարգերի աշխատանքներում խափանումների, վթարների, աղետների, համաճարակների պատճառներ ստեղծել: Ներկայացնելով այսպիսի բացասական եզրակացություն` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, միեւնույն է, կառավարությանն առաջարկեց հրաժարվել թմրամոլների աշխատանքն արգելող մասնագիտական ցանկերից:




























