Իսպանիայում առնվազն 214 մարդու կյանք խլած մահաբեր ջրհեղեղից փրկված մարդկանց զայրացած ամբոխը ցեխ է շպրտել և հայհոյանքներ հնչեցրել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի և նրա կնոջ, ինչպես նաև իսպանացի պաշտոնյաների հասցեին, որոնք կիրակի օրն առաջին անգամ այցելել էին ամենատուժած քաղաքներից մեկը՝ Պայպորտ, հայտնում է El Dario-ն:
Պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Պեդրո Սանչեսը, ուղեկցում էին միապետին, երբ նա փորձում էր զրուցել տեղի բնակիչների հետ:
Կատաղած մարդիկ, որոնցից շատերը երիտասարդներ էին, բղավել են «Մարդասպաններ», «Հեռացեք», «Մենք արդեն մեռած ենք» և ցեխ են շպրտել պաշտոնյաների վրա։ Պաշտոնական երթը ուղեկցող ոստիկանները հովանոցներ են բացել, որպեսզի ցեխից պաշտպանեն միապետերին ու պաշտոնյաներին:
Քաղաքացիական գվարդիայի և այլ մարմինների գործակալները ստիպված էին շրջապատել միապետին, որն, այնուամենայնիվ, կեղտոտվեց, ինչպես նաև Վալենսիայի կառավարության ղեկավար Կառլոս Մեյսոնին և վարչապետ Պեդրո Սանչեսին, որի հասցեին բղավում էին «Պեդրո Սանչես, շան որդի»:
Մեյսոնն ու Սանչեսը լքել են երթը, իսկ թագավորական զույգը փորձել է հանդարտեցնել լարված իրավիճակը՝ զրուցելով իրենց նախատող երիտասարդների հետ։ Թագավորը հանգստություն է պահպանել՝ փորձելով հանդարտեցնել իր վրա բղավող քաղաքացիներին։
Թագուհի Լետիցիան ցեխով էր ծածկվել, երբ լսում էր զայրացած բնակիչների բողոքները։
Քաղաքացիները դժգոհում էին, որ պաշտոնյաների այցը տեղի է ունեցել աղետից միայն վեց օր հետո, և աղետից հետո օգնություն ցուցաբերելու ուշացման համար մեղադրում էին իշխանություններին։ Նրանք հարցրել են նաև, թե ինչու ոչինչ չի արվել ողբերգությունից խուսափելու համար։





























