Թբիլիսիում ընդդիմության բողոքի ցույցը բավականին արագ է ավարտվել։

Ըստ «Новости-Грузия» պորտալի՝ հանրահավաքը երեք ժամ էլ չի տևել, գիշերը հերթապահելու կամ վրաններ տեղադրելու կոչեր չեն եղել, որոնց համար դեռ նախորդ շաբաթ ընդդիմադիրները սկսել են միջոցներ հավաքել:

Փոխարենը հայտարարվել է նոր ծրագրի մասին՝ ընդլայնելով բողոքի ցույցերի աշխարհագրությունը։ Թբիլիսիում ամեն օր ակցիան լինելու է նոր թաղամասում՝ սկսած երեքշաբթի Սաբուրթալոյից։ Բողքոքի ցույցեր կլինեն նաև մարզերում։

Հանրահավաքի ավարտից առաջ մասնակիցները Բարաթաշվիլի փողոցի երկայնքով քայլել են դեպի առափնյա փողոց և որոշ ժամանակով պիկետ են արել Արդարադատության Տան փակ շենքի դիմաց:

«Աղմաշենեբելիի ռազմավարության» առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտնել է, որ ռազմավարական կետերը համաձայնեցվել են ընդդիմության առաջնորդների միջև, մասնավորապես.

 «1. Պահանջում ենք նոր ընտրություններ նշանակել:

Մենք չենք ճանաչում գողացված ընտրությունները և լեգիտիմություն չենք տալիս խորհրդարանին:

Սկսում ենք դիմադրության շարժում և դիմադրության խաղաղ ճակատ սկզբում Թբիլիսիում, իսկ հետո նաև՝ ամբողջ Վրաստանում։

Յուրաքանչյուր հաջորդ բողոքը լինելու է ավելի ու ավելի սուր, ավելի ու ավելի նպատակաուղղված։

Շարունակում ենք ապացույցների և բոլոր փաստաթղթերի հավաքագրումն ընտրակեղծիքների վերաբերյալ ամբողջական միջազգային հետաքննության համար:

Մենք ամեն ինչ անում ենք միասին։

Սա կշարունակվի մինչև վերջնական հաղթանակ։

Թիվ մեկ նպատակը կառավարությունն է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որոնք պետք է անվավեր ճանաչեն ընտրությունները։

Ծրագրված ակցիաների մասին տեղեկությունը կտարածվի ամեն օր թելեգրամյան ալիքի միջոցով։

Ամենակարևորը, որին ձգտում ենք՝ «Վրացական երազանք»-ին» իշխանությունից վերջնականապես հեռացնելն է: