Թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո ակնհայտորեն հրաժարվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելուց:
Համենայն դեպս, Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին հարցը Փամուքին հանել է հունից եւ նա անսպասելիորեն լքել է իր գրքի շնորհանդեսը:
Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացել է Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի շնորհանդեսը եւ հատընթերցումը, որից հետո «ԱրմՆյուզ»-ի նախկին մեկնաբան, Սորբոնի համալսարանի դոկտորանտ, նյույորքաբնակ Հայկ Մարտիրոսյանը թուրք գրողին հարց է տվել, թե վերջին շրջանում նա կրավորական դիրք է ընդունել ցեղասպանության հարցում: «Համենայն դեպս կարծիք կա, որ խուսափում եք այլեւս այս թեմային անդրադառնալուց: Արդյո՞ք դա արդյունք է Ձեր հանդեպ նախկինում կիրառված քրեական հետապնդման, կամ գուցե Ձեր լռությունն այլ հանգամանքներո՞վ է պայմանավորված»,- հարցին Փամուքը նյարդայնացած պատասխան է տվել, ընդ որում, հրաժարվելով օգտագործել «ցեղասպանություն» բառը: «Դա ինձ համար նախեւառաջ խոսքի ազատության խնդիր էր, եւ հետո` դա իմ կյանքի միակ թեման չէ: Առավել կարեւոր խնդիրներ կան: Բացի այդ` այս թեմաները պետք է քննարկվեն նախեւառաջ թուրք ժողովրդի կողմից»,- ասել է Օրհան Փամուքն ու հեռացել շնորհանդեսից՝ անգամ չմակագրելով իր գրքերը:




























