Ցեղասպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների համար ցանկանում են գրեթե 3000 տարով ազատազրկել Գվատեմալայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Բենեդիկտո Լուկաս Գարսիային, գրում է Le Figaro պարբերականը։
92-ամյա տղամարդը մեղադրվում է 1978-1982 թվականներին բնիկ ազգաբնակչության էթնիկ զտման հանցակցության մեջ: Այն ժամանակ մահացել է ավելի քան 1200 մարդ, հայտնում է gazeta.ru-ն։ Վկայակոչելով դատախազին, նյութում ընդգծվում է, որ գործում ներգրավված անձը ձգտել է ոչնչացնել մայա իքսիլ էթնիկ խմբին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Գվատեմալայի զինված ուժերն այս խմբի անդամներին «ներքին թշնամի» էին համարում։
Ընդ որում Գարսիան ներկա պահին դատապարտված է 58 տարվա ազատազրկման։ 2018 թվականին երկրի բանակի գլխավոր շտաբի նախկին պետը դատապարտվել է երիտասարդի առևանգելու և նրա քրոջը խոշտանգելու համար։
Ըստ պարբերականի՝ տղամարդը առողջական պատճառներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Այնտեղից նա հետևել է նոր գործով դատական նիստին՝ տեսակոնֆերանսի միջոցով մասնակցելով նիստերին։
Ինչպես պարզել են հոդվածի հեղինակները, դատավճիռը նախատեսվում է կայացնել արդեն հաջորդ շաբաթ։ Գվատեմալայի դատախազները պահանջել են Գարսիային ազատազրկել 2860 տարով։




























