«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, հիմա էլ բողոքում է ռուսական հեռուստաալիքներից, նրանց մեղադրելով միակողմանի տեղեկատվություն հաղորդելու մեջ:

Նախաձեռնությունը կոչով դիմել է ռուսական դաշնային հեռուստաալիքներից «1-ый канал»-ի, «Россия»-ի եւ НТВ-ի լրատվական հաղորդումների խմբագրություններին, որտեղ ասվում է.

«Երբ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ձեր երկրի մայրաքաղաքի ամենակենտրոն են դուրս գալիս տասնյակ հազարավոր մարդիկ` ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց ընդվզումն արտահայտելու, իսկ ձեր եթերում միայն պաշտոնական տեղեկատվություն է` դա ոչ արհեստավարժ է: Երբ քաղաքի կենտրոն է բերվում ռազմական տեխնիկա, իսկ դուք դրա մասին լռում եք` դա ոչ արհեստավարժ է: Երբ ծեծում եւ բերման են ենթարկում ձեր կոլեգաներին եւ դուք լռում եք` դա ուղղակի խայտառակություն է:

Դուք թաքցնում եք միլիոնավոր մարդկանցից կարեւոր տեղեկատվություն, որն ունակ է, առնվազն, ազդել նրանց տրամադրվածության վրա: «Չենք լռելու»-ն պարգեւատրում է ձեզ «Աղբ եթերից» մրցանակով, ինչպես նաեւ հորդորում աղբարկղը նետել նախկինում ստացած բոլոր ՏԵՖԻ-ները»:

Նախաձեռնությունը ցավ է հայտնում, որ հայկական հեռուստաընկերություններն ամեն ինչով փորձում են կրկնօրինակել իրենց ռուս կոլեգաներին` այդ թվում վերջիններիս ցինիկ կողմնակալությունը»: