ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի շրջապատը սպասում է, որ նա սենատոր Մարկո Ռուբիոյին (Ֆլորիդայի նահանգից) կնշանակի պետքարտուղար իր վարչակազմում։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ չնայած Թրամփը դեռ կարող է փոխել իր որոշումը, նրան լիովին ձեռնտու է Ռուբիոյի թեկնածությունը։

53-ամյա Մարկո Ռուբիոն Սենատում է 2011-ից։ Ամերիկյան լրատվամիջոցների կարծիքով՝ Թրամփը նրան դիտարկում էր իր փոխնախագահի պաշտոնում, բայց արդյունքում կանգ առավ Օհայոյից սենատոր Ջեյմս Դեւիդ Վենսի վրա։ Ուկրաինայի հարցում Ռուբիոն կողմ է բանակցություններին, նրա կարծիքով՝ դա թույլ կտա վերջ դնել հակամարտությանը։ Ապրիլին նա 15 հանրապետական սենատորների հետ միասին դեմ քվեարկեց Ուկրաինային, Իսրայելին եւ Թայվանին 95 մլրդ դոլար ռազմական օգնություն տրամադրելուն, բայց արդյունքում օրինագծերի փաթեթը արժանացավ Կոնգրեսի երկու պալատների հավանությանը, եւ այն ստորագրեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։