Միգրանտների երեխաներին պատրաստվում են պարտավորեցնել ռուսերենի իմացության թեստ հանձնել ռուսական դպրոցներ ընդունվելիս։ Առանց համապատասխան իմացության նրանց դպրոց չեն ընդունի, տեղեկացրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա խոսքով՝ ներկայում պատգամավորները պատրաստում են որոշման նախագիծ՝ առաջարկություններով կառավարությանը, որի մեջ կլինեն նորմ եւ այլ միջոցներ, որոնք կխստացնեն միգրացիոն քաղաքականությունը։

«Միգրանտների երեխաներին դպրոց ընդունելիս առաջարկում ենք ստուգել Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու օրինականությունը, ռուսերենի իմացության պարտադիր թեստավորում անցնել, ինչպես նաեւ արգելել հանրակրթական հաստատություններում նրանց ընդունելությունը առանց ռուսերենի իմացության հաստատման։ Այս առնչությամբ կներկայացվի օրինագիծ համապատասխան թեմայով»,- ասել է Վոլոդինը։

Որոշման նախագծում կլինեն առաջարկներ աշխատանքային միգրացիայի եւ օտարերկրացիների ընտանիքների մասին, որոնք գալիս են աշխատելու Ռուսաստան, ավելացրել է Վոլոդինը՝ մանրամասներ չնշելով։ Փաստաթուղթը նախատեսվում է դիտարկել նոյեմբերի 20-ի լիագումար նիստում։

Սեպտեմբերին ՌԴ լուսավորության նախարարությունը դպրոցներին եւ մանկապարտեզներին խորհուրդ էր տվել սահմանափակել ռուսերենին վատ տիրապետողների ընդունելությունը մինչեւ երեք մարդ։ Գերատեսչությունում նշել են, որ այդ անձանց արդյունավետ ուսուցանումն «ավելի հեշտ չէ, քան առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխայի ուսուցանումը»։ Դրանից հետո Ռուսաստանում առաջարկել են տառացիորեն միգրանտներիի երեխաներին հավասարեցնել հաշմանդամներին։

Հուլիսին ռուսերենին չտիրապետող երեխաների հասանելիությունն արգելելու կոչ էր արել «Ռոսօբրնադզորի» ղեկավար Անզոր Մուզաեւը՝ նշելով, որ օտարերկրյա քաղաքացիները պետք է հոգան այդ հարցի մասին, եթե եկել են Ռուսաստան ընտանիքի հետ եւ նախատեսում են ապրել այստեղ։ Նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեեւը ընդգծել է, որ դպրոցում «չպետք է լինի որեւէ երեխա, որը ռուսերենին չի տիրապետում»։