Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը բողոքների ալիք է առաջացրել Աբխազիայում. գիշերը ցուցարարները փակել են Գումիստայի կամուրջը եւ Սուխումի ելքերը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին, որոնք դեմ են փաստաթղթին։ Այն զգալի արտոնություններ է տալիս ռուս ներդրողներին, ինչը մտահոգում է տեղի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին աբխազական բիզնեսի համար անհավասար պայմանների առումով։ Համաձայնագրի գլխավոր շահառուներից մեկը աբխազ քաղաքական գործիչները նշում են Mantera Group-ը, որը կապված է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովի ընտանիքի հետ, գրել է The Bell-ը։
Գիշերը ցուցարարներն Աբխազիայում փակել են Գումիստայի կամուրջը՝ պահանջելով ազատ արձակել նախօրեին բռնված ընդդիմադիր գործիչներին։ Ինչպես տեղեկացրել է «Ռեսպուբլիկա» ալիքը, մարդիկ ցույցի էին եկել «ողջ Աբխազիայից»։ Վեց բռնվածները դեմ են հանդես եկել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը։
Ավելի ուշ փակվել են բոլոր երեք կամուրջները, որոնք Սուխումից ելք են ապահովում։ Տեղեկացվել է, որ ցուցարարները ոչ մի տրանսպորտային միջոցի բաց չեն թողնում, բացի շտապօգնության մեքենաներից։ Տուրիստները ստիպված են սահմանն անցնել ոտքով։
2024թ. հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի եւ Աբխազիայի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր, որը ռուսական ընկերություններին թույլ է տալիս ներդրումային նախագծեր իրականացնել Ախազիայի տարածքում։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Աբխազիայի խորհրդարանի վավերացումից հետո։ Նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին։
ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության կայքում համաձայնագիրն անվանվում է «փոխշահավետ», բայց Աբխազիայում դրա հետ բոլորը չէ, որ համաձայն են։ Ընդդիմադիր ժողովրդական շարժման ղեկավար Ադգուր Արձինբան հայտնել է, որ համաձայնագիրը «բացասաբար է ընդունվել փորձագիտական հանրույթի կողմից»։
«Համաձայնագրում առաջնահերթությունը տրված է օտարերկրյա ներդրողին գրեթե բոլոր կետերում՝ վնասի փոխհատուցման, էլեկտրացանցերին միացման, հողամասերի տրամադրման, հարկային արտոնությունների, ԱԱՀ 50 տոկոսի վերադարձի, վարկային ռեսուրսների հասանելիության»,- նշել է նախագահի վարչակազմի էկոնոմիկայի վարչության նախկին պետ Ախրա Արիստավան։ Էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան կարծում է, որ համաձայնագիրը «կանաչ լույս կվառի Աբխազիայի իսպառ վաճառքի առջեւ»։
Փաստաթուղթը տարաձայնություններ է առաջացրել խորհրդարանում։ Պատգամավորները մտահոգ են, որ ռուսական ներդրողների գալուստը եւ ռուսական բանկերի մասնաճյուղերի բացումը անհավասար պայմաններ կստեղծի տեղի բիզնեսի համար. «Մենք նման հնարավորություններ չունենք, որպեսզի մեր մարդիկ վերցնեն այդ վարկերը։ Այնտեղ այնպիսի տոկոսներ են, որ ոչ մեկին չէի ցանկանա, որ բիզնեսով զբաղվեր այդ պայմաններով»,- ասել է պատգամավոր Լեոնիդ Լակերբայան։
Համաձայնագիրը ներդրումների նվազագույն շեմ կհաստատի. Աբխազիայում բիզնեսը զարգացնել կարող են այն ընկերությունները, որոնք 2 մլրդ եւ ավելի ռուբլի կներդնեն։ Նման ընկերություններից մեկը օրենսդիրներն անվանում են ռուսական Mantera Group-ը՝ կապված ՌԴ գյուղատնտեսության նախկին նախարար Ալեքսանդր Տկաչովի ընտանիքի հետ։ Աբխազիայում ընկերությունը կառուցում է պրեմիում-հյուրանոց 10 հեկտար մակերեսով, ափին մոտ։ 2022թ. գլխավոր դժվարություններից մեկը Mantera Group-ում անվանել են փաստաթղթային-իրավական հարցերը։
Պատասխանելով տեղի բնակիչների հարցերին՝ պատգամավոր Դուաթ Խուտաբան Mantera Group-ն անվանել է ՌԴ-ի եւ Աբխազիայի միջեւ ներդրումային համաձայնագրի «հիմնական գաղափարական ոգեշնչողը»։ Պագամավորին խնդրել են պարզաբանել, թե արդյոք համաձայնագիրը «պարտավորություն է Ռուսաստանի առջեւ, որը մենք պետք է կատարենք, որպեսզի ռուսական կողմը չդադարեցնի իր աջակցությունը», սակայն ուղիղ պատասխան չի տրվել։
Սեպտեմբերին Աբախզիան վավերացրել է Ռուսաստանի հետ մեկ այլ համաձայնագիր՝ տնտեսական գործերով դատական եւ արբիտրաժային որոշումների կատարման եւ ճանաչման մասին։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է դեռ 2022թ.։ Ռուսական կողմը վավերացրել է այն մեկ տարի անց, իսկ վերջնական վավերացումը Աբխազիայի կողմից տեղի է ունեցել միայն «պատժամիջոցների» ազդեցության տակ։ 2024թ. սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը դադարեցրել է աբխազ բժիշկների, ուսուցիչների եւ ուժային կառույցների աշխատակիցների սոցիալական վճարները։





























