Իրավիճակն աշխարհում պահանջում է ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչություններից համագործակցել բարեկամ երկրների հետ հավասար եւ անբաժանելի եվրասիական անվտանգության կառուցման համար, ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում բարեկամ երկրների հետ մեր համագործակցության վեկտորը պետք է ուղղել հավասար եւ անբաժանելի եվրասիական անվտանգության կառուցմանը»,- ասել է նա։ Այդ ուղղղությամբ համատեղ աշխատանքի մեծ ծավալ կա, ասել է նա։
Բելոուսովը նաեւ հայտնել է, որ հավաքական Արեւմուտքը փորձում է խափանել տարածաշրջանային կայունությունը՝ ձգտելով պահպանել առաջատար դերը համաշխարհային գործընթացներում։ «Հենց այդ պատճառով Կազանում ԲՐԻԿՍ ընդլայնված գագաթաժողովում հատուկ ուշադրություն հատկացվեց հակամարտությունների խաղաղ կարգավորման, արդարացի բազմաբեւեռ աշխարհակարգի կառուցման խնդիրներին»,- նշել է նա։
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդում ռուսական նախագահությունը 2024թ., ըստ Բելոուսովի, ուղղված է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։
«Կարեւորագույն ուղղություններից է տարածաշրջանային անվտանգության ապահովումը։ Հենց դրան են ուղղված Համագործակցությունում ռուսական նախագահությունը եւ ՌԴ ՊՆ պատրաստած միջոցառումների պլանը»,- ասել է Բելոուսովը։
Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել են հակաօդային պաշտպանության, կապի, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրադրության վերահսկման եւ գնահատման միավորված ռազմական համակարգեր, «Պարոլ» եւ այլ ռադիոլոկացիոն միջոցներ։ «Իրականացնում ենք փորձի փոխանակում, այդ թվում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ստացած փորձի։ Մշտական հիմքով իրականացվում են համատեղ միջոցառումներ»,- ընդգծել է ՌԴ ՊՆ ղեկավարը։





























