Դպրոցում դեռահասների ծանրաբեռնվածությունը շարունակում է աճել, միևնույն ժամանակ ընտանիքում աշակերտների աջակցությունը նվազում է։ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի  փորձագետները մտահոգված են այս միտումով, ինչի մասին վկայում են դպրոցահասակ երեխաների առողջության վերաբերյալ նոր հետազոտության արդյունքները։

Հետազոտությանը մասնակցել են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կանադայի 44 երկրների 11, 13 և 15 տարեկան 280 հազար դպրոցականներ։ Ըստ հետազոտությունների՝ երեխաների միայն 67%-ն է զգում իրենց ընտանիքի ուժեղ աջակցությունը, ինչը 2018 թվականին անցկացված նախորդ հետազոտության արդյունքների համեմատ (73%) զգալի անկում է: Միաժամանակ դպրոցում ծանրաբեռնվածությունը կտրուկ աճել է հատկապես աղջիկների համար։ Այս ամենն անդրադառնում է միլիոնավոր դեռահասների հոգեկան և ֆիզիկական առողջության, հատկապես մեծ տարիքային խմբի, ինչպես նաև ավելի նվազ ապահովված ընտանիքների վրա։

2021-2022 թվականների հետազոտության արդյունքներն ընդգծում են սոցիալական որոշիչ գործոնների՝ առողջության վրա ազդող ոչ բժշկական գործոնների նկատմամբ մեծ ուշադրության անհրաժեշտությունը՝ երիտասարդներին աջակցելու համապարփակ մոտեցման շրջանակում: Ըստ բժիշկների՝ սոցիալական անհավասարությունը դրսևորվում է նրանով, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դեռահասներն ավելի հաճախ են նշում ընտանիքում ցածր աջակցության մասին՝ ավելի հարուստ ընտանիքների հասակակիցների համեմատ։ Զեկույցի մեկ այլ բացահայտումն այն ​​է, որ իրենց հուզող թեմաների շուրջ աղջիկները տղաներից քիչ են խոսում ծնողներից որևէ մեկի հետ:  Հաղորդակցման խոչընդոտներն ավելի շատ են նկատվում հայրերի, քան մայրերի հետ հարաբերություններում։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի  փորձագետները կոչ են անում համակարգված գործողություններ ձեռնարկել՝ բացահայտված մարտահրավերներին դիմակայելու համար և խորհուրդ տալիս ամրապնդել ընտանիքի համար բարենպաստ քաղաքականությունը և տնտեսական աջակցությունը, ինչպես նաև ստեղծել դպրոցական ներառական միջավայր:

Փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ է վերացնել ակադեմիական ճնշումը, պայքարել սթրեսի մակարդակի բարձրացման դեմ՝ համակարգված մոտեցումների միջոցով, ներդնելով տնային առաջադրանքների հավասարակշռված քաղաքականություն և աջակցություն ցուցաբերել ուսուցման հմտությունների զարգացմանը: Պետք է ապահովվի նաև արտադպրոցական գործունեության, հոգեկան առողջության ռեսուրսների և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն, հատկապես անապահով տարածքներում: