Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է նախօրեին Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի դիմացի գետնանցումում կատարված սպանությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ստորգետնյա անցումում գտնվող չգործող խանութում հայտնաբերվել էր տղամարդու դիակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածը Սպիտակ քաղաքի բնակիչ, մայրաքաղաքում վարձակալական հիմունքներով ապրող, 24-ամյա Էդուարդ Միրզոյանն է:

Պարզվել է նաեւ, որ նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով Է. Միրզոյանին սպանել է 1966 թ. ծնված, նախկինում դատապարտված, առանց մշտական բնակության վայրի Տիգրան Գեւորգյանը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Տիգրան Գեւորգյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը: