Ծիսական արարողությունների ժամանակ ացտեկների հնագույն քաղաքակրթությունն օգտագործել է այսպես կոչված «մահվան սուլիչը»՝ մարդկային գանգի տեսքով ահավոր գործիքը։ Նրա ահավոր ծակող ճիչը պարզապես ինքնատիպ դիզայնի արդյունք չէ, այլ մարդկային գիտակցությունը մանիպուլացնելու գիտակցված փորձ։

Ացտեկները, գուցե, միտումնավոր են օգտագործել այդ ազդեցությունը, որպեսզի ուժեղացնեն զոհաբերության իրենց ծեսերի սարսափը, հայտնել են Ցյուրիխի համալսարանի գիտնականներն իրենց հոդվածում, որը հրապարակվել է Communications Psychology ամսագրում։

«Սուլիչներն ունեն յուրատեսակ կառուցվածք, եւ մենք չգիտենք ոչ մի նման երաժշտական գործիք նախակոլումբոսյան այլ մշակույթներում կամ պատմական եւ ժամանակակից այլ համատեքստերում»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ, կոգնիտիվ եւ աֆեկտիվ նյարդաբանության պրոֆեսոր Սաշա Ֆրյուհհոլցը։

Ացտեկները հզոր մեզոամերիկյան քաղաքկարթություն են, իշխել են Կենտրոնական Մեքսիկայում 1300-1521թթ.։ Հետազոտողներն ստեղծել են ինքնատիպ գործիքների 3D-մոդելները, որպեսզի պարզեն հոգեվարքի սուլիչի ահավոր ձայնի գաղտնիքը։ Նրանք հայտնաբերել են բարդ ներքին համակարգ երկու հակադիր խցիկներով՝ տուրբուլենտ օդի հոսք ստեղծելու համար։ Այդ կառուցվածքը ստեղծել է հոգին սառեցնող ճիչ։ Հետազոտողները ձայնագրել են դրա պատճենները։

Հետազոտությունը նաեւ ցուցադրել է այդ գործիքների տագնապալի ազդեցությունը մարդու ուղեղի վրա։ Գիտնականների թիմը վերարտադրել է հոգեվարքի սուլիչի ձայնը եւ ձայնագրել ունկնդրողների ուղեղային ակտիվությունը։ Ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հույզերի հետ, ավելի ուժեղ են արձագանքել, ինչը հաստատել է ձայնի վախեցնող բնույթը։ Զարմանալի է, բայց սքանավորումը պարզել է ուղեղի ակտիվություն այն հատվածներում, որոնք «ձայնն ասոցիացնում են խորհրդանշական իմաստի հետ»։

Ացտեկները խորհրդանշանների եւ ծեսերի վարպետներ են, նրանք գուցե միտումնավոր են օգտագործել այդ ձայնը, որպեսզի վախ եւ աստվածավախություն առաջացնեն։

Գանգաձեւ սուլիչը հավանաբար խորհրդանշել է Միկտլանտեկուտլիին՝ ացտեկների ստորերկրյա աշխարհի աստծուն։ Ծակող ձայնը, որն արձակել են այդ սուլիչները, կարող էր օգտագործվել մարդկային զոհաբերության պատրաստման համար դեպի ստորերկրյա աշխարհ՝ Միկտլան։