Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի դիվանագետ Նիկոլո Մաքիավելին դարձել է նուրբ ինտրիգներ հյուսողի հոմանիշը։ Իսկ այժմ աճուրդի է հանվել նրա ամենահայտնի ստեղծագործության՝ «Տիրակալը» քաղաքական ձեռնարկի չափազանց հազվագյուտ առաջին հրատարակությունը՝ մինչև 300,000 եվրո (375,000 դոլար) վաճառքի ակնկալելի գնով, հայտնում է CNN-ը։
Sotheby's աճուրդի տան տվյալներով, 16-րդ դարասկզբի գրքի այս օրինակը առաջին հրատարակության ընդամենը 11 գրանցված գրքերից մեկն է: Մնացած բոլորը պահվում են ինստիտուցիոնալ գրադարաններում, հիմնականում Իտալիայում, իսկ այս օրինակը պատկանում է մասնավոր կոլեկցիոների և նախկինում անհայտ էր:
«Մենք տեղյակ չէինք մասնավոր ձեռքերում գտնվող այլ օրինակների մասին, և սա մեզ հայտնի դարձած առաջին օրինակն է, որ աճուրդի է հանվել, իհարկե վերջին տասնամյակների ընթացքում», - CNN-ին ասել է Sotheby's Books & Manuscripts-ի մասնագետ Գաբրիել Հիթոնը:
«Այսպիսով,մեր դիմաց է բոլոր ժամանակների քաղաքական տեսության մեծագույն գործերից մեկը, 16-րդ դարի ամենահայտնի գրքերից մեկը, և սա հենց առաջին հրատարակությունն է, ինչպես նաև բացառիկ հնարավորություն է աճուրդի հանված օրինակի համար»,- ավելացրել է նա:
Հիթոնն ընդգծել է, որ աճուրդի տունը «ուրախ» և «հուզված» է այս «անհավանական հազվագյուտ գիրքը» Sotheby's լոնդոնյան աճուրդում «Գրքեր և ձեռագրեր» միջոցառման շրջանակում առաջարկելու համար, որն անցկացվում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 12-ը:




























