Հայաստանում էլեկտրոնային առեւտուրը թափ է հավաքում, սակայն դրա զարգացումը խոչընդոտող մի շարք խնդիրներ կան, պայմանավորված նաեւ վճարահաշվարկային համակարգի գործունեությամբ:

Խնդիրներից մեկը ի հայտ է գալիս այն պատճառով, որ հայկական  բանկերը չունեն Visa International e-commerce license: Դա Visa ընկերության լիցենզիաներից մեկի անվանումն է, որը հնարավորություն է տալիս արտասահմանում ձեռք բերված քարտերով էլեկտրոնային գործարք իրականացնել Հայաստանի հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ցանկացած քաղաքացի կարող է ունենալ եւ ՎիզաՔարտ, եւ ՄաստերՔարտ: Վերջինիս դեպքում պրոցեսինգային կենտրոնը ԱրՔա (ArCa) համակարգն է, ինչը հնարավորություն է տալիս ՄաստերՔարտ ունեցողներին հանդիսանալ միջազգային «Մաստեր» համակարգի լիիրավ անդամ:

Սակայն, ըստ Վ. Դանիելյանի, ՎիզաՔարտի առկայության դեպքում դա հնարավոր չէ, քանի որ համակարգի լիիրավ անդամ կարող են լինել միայն բանկերը: «ՎիզաՔարտի դեպքում յուրաքանչյուր ծառայության համար պետք է լրացուցիչ վճար կատարել, ու այս մի լիցենզիան` Visa International e-commerce license, որեւէ հայկական բանկի կողմից վերցված չի: Ստացվում է, որ Վիզա համակարգով եթե դրսից ուզում են էլեկտրոնային առեւտուր իրականացնել, այստեղի բիզնեսմենը չի կարող այդ առեւտուրը կազմակերպել, եւ վճարումն իրականացնել ՎիզաՔարտի միջոցով: Սա է հիմնական խնդիրը»,- ասաց Վ. Դանիելյանը:

Visa International e-commerce license-ն արժե 150 հազ. դոլար, բայց խնդիրը միայն գումարի մեջ չէ: Առեւտրային բանկը պետք է բավականին լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարի, որպեսզի անվտանգության եւ այլ պայմանններով համապատասխանի Վիզայի պահաջներին, ինչը բավականին ծախսատար է: Մի քանի բանկեր կարծես թե սկսել են այդ գործընթացը, բաց հստակություն չկա, թե երբ լիցենզիան կստանան: Նշենք, որ բանկերի ներկայացուցիչները չմասնակցեցին էլեկտրոնային առեւտրի վերաբերյալ օրերս Դիլիջանում կազմակերպված քննարկումներին, թեեւ հրավեր էին ստացել (ներկայացել էր միայն մեկը): Ըստ որոշ գնահատականների` Visa International e-commerce license-ը բակերի համար շահութաբեր կլինի, եթե հաշվի առնենք, որ տարեկան Հայաստան են այցելում 500 հազ. «մաքուր» զբոսաշրջիկ, ու նրանցից յուրաքանչյուրը 100 դոլարի էլեկտրոնային առեւտուր է իրականացնելու: Այսինքն` էլեկտրոնային շրջանառությունը կկազմի 50 մլն դոլար:

Էլեկտրոնային առեւտուր իրականացնելիս մյուս խնդիրը կապված է ՄաստերՔարտ-ի հետ: NEWS.am-ը քարտատերերից բողոք ունի, որ ՄաստերՔարտով դրսում վճարում իրականացնելուց հետո գումարը ետ է գալիս` խափանելով գործարքի կայացումը: Ըստ Վ. Դանիելյանի` ինքը եւս նման բողոքներ ունի, թեեւ իր մոտ մի քանի անգամ գործարք իրականացնելը ստացվել է: Այսինքն` խնդիրը համատարած չէ, ու ամենայն հավանականությամբ, ըստ Վ. Դանիելյանի, դա վստահության խնդիր է:

Անդրադառնալով էլեկտրոնային առեւտրի դեպքում գնանշման խնդիրներին, Վ. Դանիելյանն ասաց, որ բոլոր հայկական կայքերում պարտավոր են գնանշումը կատարել հայկական դրամով: Նման պահանջներ` ազգային արժույթով պարտադիր գնանշման մասին, առկա են նաեւ այլ երկրներում:

Մի շարք գործարարներ բողոքում են, որ հարկային մարմինների հետ խնդիրներ են ունենում այն դեպքերում, երբ էլեկտրոնային առեւտուրն իրականացնում են միջնորդի միջոցով: Օրինակ` «Արմինկո» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Սաղյանն ասաց, որ արտասահմանում վաճառում են abc domen-ներ (դոմենային անուններ): Վաճառքն իրականացնում են գործակալի միջոցով, որը սակայն 1 վճարային փաստաթուղթ է ուղարկում մի քանի վաճառված դոմենի դիմաց: Իսկ Հայաստանի հարկային մարմինները հիմք չեն ընդունում նման փաստաթղթերը, պահանջելով յուրաքանչյոր գնորդի դեպքում առանձին վճարային փաստաթուղթ ներկայացնել, ինչը տեխնիկապես անհնար է: Արդյունքում` ընկերությունը ստիպված է ավելացված արժեքի հարկ վճարել, թեեւ հանդիսանում է արտահանող: Նմանատիպ խնդիրներ առաջանում են հյուրանոցներում, երբ տուրօպերատորներն իրականացնում են փաթեթային վաճառք, բաց հյուրանոցի հաշվապահությունը միայն հյուրի ժամանելուց հետո է տեղեկանում, թե համարն ում էր վաճառված: Այս խնդիրը ներկայում գտնվում է քննարկման փուլում:

Էլեկտրոնաին առեւտրի դեպքում հիմնական խնդիրներից մեկը հաշիվ-ապրանքագրի բացակայությունն է: Ըստ հայկական օրենսդրության` ցանկացած գործարքի դեպքում պետք է լրացվի հարկային հաշիվ, որի վրա պետք է լինի 2 կողմերի ստորագրություն: Բնականաբար`էլեկտրոնային առեւտրի դեպքում ստորագրության առկայությունը հնարավոր չէ ապահովել, իսկ ՊԵԿ-ն այդ դեպքում իրավասու է փաստաթուղթը հիմք չընդունել: Վ. Դանիելյանի խոսքով` ներկայում ՊԵԿ-ը խնդիրներ չի ստեղծում եւ հիմք է ընդունում էլեկտրոնային հանձնարարականը, սակայն դա այն պատճառով, որ նման գործարքների ծավալները մեծ չեն: Իսկ եթե ծավալները աճեն, ապա օրենքի տառի կիրարկումը կարող է սահմանափակել էլեկտրոնային առեւտուրը: Այս խնդրի լուծումը, ըստ Վ. Դանիելյանի, պահանջում է օրենսդրական փոփոխություններ:

Սամվել Ավագյան