Անասնապղծություն կատարած զինվորականները նախկինի պես տրիբունալի կենթարկվեն: Նման հայտարարությամբ ստիպված է եղել հանդես գալ Պենտագոնը, երբ բանակում ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար պատժի վերացման մասին որոշումը հարուցել էր երկրի պահպանողական եւ կրոնական շրջանակների վրդովմունքը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, ԱՄՆ Սենատը ռազմական բյուջեի մասին օրինագիծ է ընդունել, որում ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար պատիժը վերացնելու  հետաքրքիր դրույթ կա, դրա մեջ մտնում է նաեւ կենդանիների հետ սեռական հարաբերություն ունենալը:

Մեկնաբանելով հոդվածի վերացումը` Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Կարլ Լեւինը հայտարարել էր, որ փոփոխությունը նախատեսվել էր 2011թ. սեպտեմբերին ուժի մեջ մտած օրենքին համապատասխանեցնելու նպատակով, որը հանում էր ԱՄՆ զինված ուժերում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ծառայության արգելքը:

Վերջին փոփոխություններից ոգեւորված` սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշել են ձեռքբերվածով չբավարարվել եւ պահանջել են, որպեսզի բանակը ճանաչի  նույնասեռ զինծառայողների ամուսնությունները` նրանց զուգընկերներին տրամադրելով այն բոլոր արտոնությունները եւ նպաստները, որոնք սովորաբար տրամադրվում են ամուսնացած զինծառայողների կանանց, գրում է NEWSru.com-ը: