Պատճառը, որ ծովային սպա Նիկոլայ Զախարկինը 8-րդ հարկի պատուհանից դուրս էր նետել իր ընկերուհու երկու դուստրերին, կարող է լինել սովորական խանդը: Այդ մասին GZT.ru-ին հայտնել է Արեւելյան օկրուգի ոստիկանության մամուլի քարտուղար Տատյանա Պետրովան: Քաղաքացիական ամուսինների միջեւ վեճը, Պետրովայի խոսքերով, բռնկվել էր նոյեմբերի 11-ին, երբ Ռուսաստանի ՌԾՈԻ 3-րդ կարգի կապիտան, 31-ամյա Զախարկինը խանդել էր իր 27-ամյա կենակցուհուն: Կինը տանը չէր եղել եւ ամուսինները վիճել էին բջջայինով:

Պետրովայի կարծիքով, նման հրեշավոր արարքով Զախարկինը, որ ողբերգության պահին հարբած է եղել, իր ագրեսիան թափել է կնոջ երեխաների վրա։ «Ժամանած ոստիկանները պատմել են, որ տղամարդը եղել է լիովին աննորմալ վիճակում»- նշել է Պետրովան:

Միեւնույն ժամանակ բժիշկ-հոգեբույժ Վալերի Լիկովի խոսքերով, Զախարկինի հոգեկան առողջության մասին հարցը կարող է լուծել միայն փորձաքննությունը, որից հետո էլ հնարավոր կլինի գտնել զինվորականի գործողությունների շարժառիթը:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին Զախարկինի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նշանակվել եւ անցկացվում են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, որոնց շրջանակներում կապիտանը պետք է հոգեբանական-քրեագիտական փորձաքննություն անցնի: Հարուցված է քր.գործ. «ակնհայտ անպաշտպան վիճակում գտնվող երկու եւ ավելի անձանց նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքով»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Նիկոլայ Զախարկինը 8-րդ հարկից ցած էր նետել երկու երկվորյակ քույրերին: Ներկայումս երեխաների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, նրանք շտապ հոսպիտալացվել են բազմաթիվ ջարդվածքներով եւ ներքին օրգանների վնասվածքներով: Երեխաներին ցած նետելուց առաջ Զախարկինը կնոջը sms-հաղորդագրություն էր ուղարկել. «Կարող ես հրաժեշտ տալ Դաշային ու Կատյային» մակագրությամբ: