Մեր հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին՝ Հայաստանը, Արցախը եւ ողջ հայությանը ճգնաժամից հանելու համար։ Այս մասին «ԱՐԱՐ» հիմնադրամի հիմնադրման 10-ամյակին նվիրված կոնֆերանսում ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը։

Նրա խոսքով՝ ամենաբարդ խնդիրները դեռ այն ժամանակ անվտանգության ոլորտում էին, երբ պետությունը անհրաժեշտ քայլեր չէր ձեռնարկում հակառակորդի աճող հնարավորություններին հավասարակշռվելու համար։

Նա ավելացրել է, որ դա էլ նշել է հիմնադրամի գործունեության վեկտորը հաջորդ տարիներին։

«Եթե խաղաղ ժամանակ պատշաճ ձեւով պատերազմի չպատրաստվես, ապա պատերազմի ժամանակ ձեռնարկվող ջանքերը կարող են անբավարար լինել։ Չնայած մեր բոլոր ջանքերին՝ պետք է խոստովանել, որ մենք ձախողում ենք գրանցել երկրի հետ միասին։ Մի՞թե այդ շղթան մշտապես կրկնվելու է։ Թե՞ մեզ կհաջողվի խզել այն։ Դա, առաջին հերթին կախված է գործող ռազմաքաղաքական ղեկավարությունից, բայց եւ քաղաքացիական հասարակության ակտիվությունից։

Վառ օրինակ է ռազմական արդյունաբերության զարգացումը 44-օրյա պատերազմից հետո։ Ողջ աշխարհի հայությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել տեղի ընկերություններում եւ միացել աշխատանքին, չնայած պետության անբավարար ուշադրությանը։ Արդյունքում՝ այսօրվա դրությամբ տեղի արտադրանքի մատակարարումների ծավալը բանակում հասել է հարյուր միլիոնավոր դոլարների։

Նոր ձեւավորվող աշխարհում այնպիսի սահմանափակ հնարավորություններով երկրներում, ինչպիսին է Հայաստանը, ուրիշ այլընտրանք չկա հանրային եւ մասնավոր ռեսուրսները համախմբելուց եւ այնքան ուժեղանալուց բացի, որպեսզի դառնանք թշնամիներին անհարմար հակառակորդ, իսկ բարեկամների համար՝ ցանկալի դաշնակից։

Այսօրվա քննարկման թեման հասարակությունը մշտական պատրաստ վիճակի բերելն է իր ճակատագրի համար պատասխանատու լինելու հարցում։ Պետության դերն այդ գործում առաջնային նշանակություն ունի, բայց հասարակության դերը նույնպես կարեւոր է»,- նշել է Փախչանյանը։

Նա նշել է պետության թերի կողմերն այս հարցում՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո մինչեւ այժմ չի մշակվել անվտանգության նոր ռազմավարություն։