Դեկտեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 139,4 մլն եվրո ընդհանուր գումարի երկու վարկային համաձայնագիր։

Խոսքը, մասնավորապես, «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր. Ենթածրագր 2» վարկային պայմանագրի մասին է, որը ստորագրվել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև։ Միջոցները կուղղվեն բյուջեի դեֆիցիտը ծածկելուն։

Երկրորդ վարկը հանրապետությունը կստանա ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից։ Այստեղ խոսքը 50 միլիոն եվրոյի մասին է։

Միջոցները կուղղվեն նախատեսվող բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների ներդրմանը, կրթական և առողջապահական համակարգերի բարեփոխմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին սոցիալական աջակցությանը։