Նոր  հետազոտության արդյունքում պարզվել է, որ 5700 տարի առաջ հայտնաբերված մոխրացած և կոտրված մարդկային ոսկորները հուշում են քարե դարի մի խումբ մարդկանց դաժան վախճանի մասին: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, մահացել են ներկայիս Ուկրաինայի տարածքում՝ տանը բռնկված հրդեհի հետևանքով: Բայց պատճառը, թե ինչու է այդ մարդկանցից երկուսը գլխի լուրջ վնասվածքներ ստացել, իսկ մեկը մահացել է բոլորից մեկ դար անց, դեռևս առեղծված է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One հանդեսում:

2004 թվականին հնագետները Կիևից մոտ 185 կմ հարավ՝ Կոսենովկայի նախապատմական տանը՝ հնագիտական ​​վայրում մարդկային ոսկորների գրեթե 100 մնացորդներ են հայտնաբերել:

Կոսենովկան պահպանում է նախապատմական «մեգաբնակավայրի» մնացորդները, որոնք ստեղծել են Կուկուտենի-Տրիպիլիայի ագրարային համայնքները, որոնք ապրել են ժամանակակից Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքում մ.թ.ա. 4800-ից մինչև 3000 թվականը:

Կոսենովկայի այրված տներից մեկում մարդկային ոսկորների հայտնաբերումը զարմացրել է հնագետներին, որոնք նոր մանրամասն հետազոտություն են կատարել՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։

Առնվազն յոթ մարդու մնացորդներ են հայտնաբերվել՝ երկու երեխայի, մեկ դեռահասի և չորս մեծահասակի։ Ավերված տան ներսում հայտնաբերվել են խիստ այրված չորս կմախքներ, իսկ կացարանից դուրս հայտնաբերվել է երեք մարդու կմախք, որոնց վրա այրվածքի հետքեր չկան։

Գիտնականները պարզել են, որ երկու մեծահասակները մահից անմիջապես առաջ գլխի ծանր վնասվածք են ստացել։

Այս չբացահայտված սպանությունը հետաքննելու համար հետազոտական ​​թիմը օգտագործել է ռադիոածխածնային թվագրումը և պարզել, որ վեց մարդ, հավանաբար նույն ընտանիքի անդամներ, մահացել են մ.թ.ա. 3690-3620 թվականներին, մինչդեռ յոթերորդ չայրված չափահասը մահացել է մոտ 130 տարի անց, երբ տունն հրկիզվել է, ապա հայտնվել բարձիթողի վիճակում։

Այնուհետև գիտնականներն ուշադիր հետազոտել են կոտրվածքների և ոսկորների գունաթափման օրինաչափությունը՝ պարզելով, որ ոսկորները դեռ առողջ վիճակում են այրվել։

Հաշվի առնելով մահվան ամսաթվերը և այրման հետքերը՝ թիմը եզրակացրել է,  որ ընտանիքից երեքը մահացել են այրվող տան ներսում, իսկ մյուսները կարող են տուժել ծխի ներշնչումից կամ ածխածնի երկօքսիդի թունավորումից և մահացել տնից դուրս գալուց անմիջապես հետո: