«Այսօր կարծիք կա, թե մենք չափից դուրս շատ ենք խոսում Ցեղասպանության մասին: Բայց ցավալին այն է, որ նման դիտողություններ ես լսում եմ որոշ հայերի շուրթերից, որոնք կամ չիմացության կամ ավելորդ անլրջության պատճառով մոռացել կամ մոռանում են ամեն ինչ, ինչ եղել է, չեն տեսնում, թե ինչ է կատարվում, եւ հետեւաբար ինչ կլինի ապագայում: Որոշները խոսում են այդպիսի բաների մասին միայն այն ժամանակ, երբ մենք ողջ ազգով հարգում ենք Ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 մլն հայերի հիշատակը: Բայց այդպես չպետք է լինի: Մենք պետք է անդադար խփենք զանգերն ու տարածենք աշխարհով մեկ մեր ահազանգը, քանի Արդարությունը չի հաղթել»: Այդ մասին հայտարարել է ղարաբաղցի անկախ վերլուծաբան Աշոտ Սողոմոնյանը:
«Մեզ թվում է, թե համաշխարհային զարգացումը թույլ կտա լուծել հայ ժողվրդի խնդիրները: Ցավոք, դա այդպես չէ: Երբ աշխարհի երեսից կորան շատ ու շատ հին ժողովուրդներ, այն ժամանակ էլ համամարդկային քաղաքակրթությունը զարգանում եւ եւ նոր աճ էր տալիս, ինչը բոլորովին չօգնեց հին շումերներին, աքքադներին, ասորեստանցիներին, սկյութներին եւ այլ ազգերի, որոնք՝ հասնելով իրենց հզորության գագաթնակետին, անհետացան կամ էլ ձուլվեցին այլ ժողովուրդների հետ, քանի որ չկարողացան պահպանել իրենց ինքնատիպությունը, կրոնը, լեզուն եւ մշակույթը: Ինչու է մեզ թվում, թե դա մեզ հետ չի կարող պատահել: Ինչու որոշ հռետորներ փակում են ժողովրդի աչքերը, որ չտեսնի, թե ինչ է կատարվում: Քանի մենք չենք լուծում մեր ներքին խնդիրները, „չենք մաքրում մեր սենյակը“, մեզ կսպասի անհետացած ազգերի ճակատագիրը»,- ասել է վերլուծաբանը:
Ամփոփելով՝ նա նկատել է, որ «Արդարությունը, բարոյականությունը, աշխատասիրությունն ու իմաստնությունը այն անհրաժեշտ գործոններից են, որ ժողովրդին կօգնեն դիմակայել, եւ պինդ լինել»:




























