Ռուսական ռազմակայաններից ազատվելը կդառնա Սիրիայի նոր իշխանությունների հետ Եվրամիության երկխոսություն սկսելու պայմաններից մեկը, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Դա այն կայանն է, որտեղ իրականացվում է գործունեություն Աֆրիկայի եւ հարավային հարեւանների հետ հարաբերություններում։ Դա անհանգստացնում է նաեւ եվրոպական անվտանգության առումով։ Մենք կբարձրացնենք այդ հարցը»,- ասել է Կալասը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ «Սիրիայում ռուսական ազդեցությունից» ազատվելու անհրաժեշտությանն աջակցում են ԵՄ շատ նախարարներ։ Այս հարցը բարձրացրել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպը։ «Սիրիայում ռուսական ռազմակայանների վերաբերյալ. մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը հեռանա»,- ասել է նա։ Կալասը նաեւ տեղեկացրել է, որ Բրյուսելը Դամասկոս է ուղարկել բարձրաստիճան դիվանագետի՝ սիրիական ժամանակավոր կառավարության հետ կապեր հաստատելու համար։

Սիրիայում Ռուսաստանի ապագա ռազմական ներկայությունը հարցականի տակ է։ Նոյեմբերի վերջին սիրիացի ապստամբները «Հայաթ Թահրիր աշ-Շամից» հարձակում սկսեցին Իդլիբ նահանգի դեմ եւ դեկտեմբերի 8-ին հասան Դամասկոս՝ հայտարարելով Բաշար Ասադին տապալելու մասին։

Ռուսաստանը Սիրիայում ռազմակայաններ է բացել 2015թ., երբ միջամտել է քաղաքացիական պատերազմին Ասադի կողմից։ 2017թ. Մոսկվան սիրիական կառավարության հետ կնքել է համաձայնագիր Հմեյմիում ավիաբազա եւ Տարտուսում ռազմածովային կայան տեղակայելու մասին անհատույց հիմքով, 49 տարվա պայմանով։

Ապստամբներն իշխանությունը վերցնելուց հետո չեն ներխուժել ռուսական կայաններ։ ՀԹՇ ղեկավար Մուհամեդ ալ-Ջուլանին հայտնել է, որ սիրիական իշխանությունները Ռուսաստանին երկրի հետ հարաբերությունները վերիմաստավորելու հնարավորություն են տվել այնպես, որպեսզի դա ծառայի ընդհանուր շահերին։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը «մոտենում է համաձայնագրի կնքմանը» Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու մասին։ Reuters-ի զրուցակիցները հաստատել են դա. Մոսկվան չի նախատեսում դուրս բերել զորքերը կայաններից։ Կրեմլում նշել են, որ քննարկում են ռազմական օբյեկտների ճակատագիրը Սիրիայում նոր իշխանությունների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն վստահ է, որ «բարեկամության եւ փոխադարձ հարգանքի հարաբերությունները մեր երկրների միջեւ այսուհետ եւս կառուցողական զարգացում կունենան»։