Լայնածավալ հարձակման արդյունքում իշխանությունը գրավելուց երկու շաբաթ անց Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան ակտիվացրել է տարածաշրջանային շփումները՝ կիրակի օրը դրուզների հետ հանդիպման ժամանակ խոստանալով «բացասաբար» չմիջամտել հարևան Լիբանանի գործերին, գրում է AFP-ն։
Այցով Դամասկոսում գտնվող Լիբանանի դրուզների առաջնորդներ Վալիդ և Թայմուր Ջումբլաթների հետ հանդիպման ժամանակ Շարաան ասել է, որ Սիրիան այլևս «բացասաբար չի միջամտի Լիբանանի գործերին»:
Նա հավելել է, որ Դամասկոսը «հարգում է Լիբանանի ինքնիշխանությունը, նրա տարածքների միասնությունը, որոշումների անկախությունը և անվտանգության ոլորտում նրա կայունությունը»։
«Սիրիան հավասար հեռավորություն է պահելու Լիբանանից», - հավելել է Շարաան՝ ասելով, որ Սիրիան «վախի և անհանգստության աղբյուր» է եղել երկրի համար։
Վալիդ Ջումբլաթը՝ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի և նրա հոր՝ Հաֆեզի, երկարամյա բացահայտ քննադատը, կիրակի օրը ժամանել է Դամասկոս՝ իր խորհրդարանական դաշինքի օրենսդիրների և դրուզ կրոնական գործիչների պատվիրակության գլխավորությամբ: Դրուզների կրոնական փոքրամասնությունը տարածված է ողջ Լիբանանում, Սիրիայում և Իսրայելում։
Ավելի վաղ թուրքական և արաբական լրատվամիջոցները հայտնել էին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Շարաայի հանդիպման մասին։
Սաուդյան Արաբիան նույնպես անմիջական կապի մեջ է Սիրիայի նոր իշխանությունների հետ, քանի որ տարիներ շարունակ աջակցել է Ասադի ընդդիմությանը Սիրիայի պատերազմի ժամանակ և շուտով պատվիրակություն կուղարկի երկիր, հայտնել է էր-Ռիադում Սիրիայի դեսպանը:





























